Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի ֆերմերներ դժգոհում են, որ կա՛մ կարտոֆիլը չի բողբոջել, կա՛մ ցողունը չորացել է, ֆերմերներն ակնկալում են ոչ բերքատու տարի։ Jnews-ը որոշեց ուսումնասիրել սրա պատճառները և պարզել, թե արդյոք պետությունը փորձում է գտնել պատճառները։

Բարալեթ գյուղից Կարեն Բերուջանյանը ցանել է կարտոֆիլի տարբեր սորտեր՝ «Գրանադա», «Երաշժտութոյւն», «Մետաղադրամ»։ Սակայն զարգացումն ու խնդիրները, նրա դիտարկումներով, կախված են ոչ թե սորտից, այլ դաշտի գտնվելու վայրից։ Նրա տան բակում ցանված կարտոֆիլը հիվանդացել է ֆիտոֆտորայով։

«Նույն սերմերը ուրիշ տեղ եմ ցանել, չեն հիվանդացել, բայց տանս բակում ցանածը հիվանդացել է ֆիտոֆտորայով, 50 հար, դեղ եմ ցողել, բայց չօգնեց»,- ասում է Կարեն Բերուջանյանը։

Բարալեթ գյուղի մեկ այլ բնակչի մոտ չեն ծլել «Արիզոնա» սերմերը։

««Արիզոնա» նոր սորտ եմ գնել, 500 կգ, տնկել եմ 12 հար հողի վրա, բայց կեսը չի ծլել, ցողուններն այսօրվա դրությամբ տեղ-տեղ աճել են 2-3 սմ-ով, ինչը նշանակում է, որ բերք չի լինի»,- ասում է Բարալեթ գյուղից ֆերմերը։

qartol1

Տեղացի մասնագետները նշում են, որ կարտոֆիլի դաշտերի այս վիճակի համար երկու պատճառ կա՝ օբյեկտիվ՝ եղանակային պայմանները և սուբյեկտիվ՝ ֆերմերների անբավարար գիտելիքները, թե ինչ անել նման իրավիճակներում։

Մասնագետները նշում են, որ իրադարձությունների նման ելք դժվար չէր ակնկալել, ֆերմերները պետք է պատրաստ լինեին դրան և, վերականգնման համար, պայքարեին հիվանդության վաղ զարգացման շրջանում։

Գյուղատնտես և ֆերմեր Եղիշ Աղաջանյանն ասում է, որ ֆիտոֆտորան և սերմերի ցածր աստիճանի ծլումն առաջացել են հողի գերխոնավությունից։

«Դաշտի այն վայրերում, որտեղ անձրևների ջուրը հավաքվել է, չի կարողացել հոսել, այդտեղ կարտոֆիլը չի ծլել կամ հիվանդացել է ֆիտոֆտորայով: Հողը, որտեղ սերմերը չեն ծլել, շատ պինդ է, սեղմված, թթվածնով հագեցած չէ, տաքություն չկա, այն խոնավ է, ահա սա է պատճառը, որ ֆիտոֆտորայով է հիվանդացել: Ֆիտոֆտորայի դեմ դեղերը տալիս են, երբ այն դեռ չի հիվանդացել՝ որպես կանխարգելում: Իսկ մեր հողագործները բուժումը սկսում են, երբ հիվանդությունն արդեն սրվում է։ Այդ դեպքում դեղերը չեն օգնի։ Երբ երկար անձրևներ են լինում, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, ապա ֆերմերներն արդեն պետք է իմանան, որ սնկային հիվանդություններն անխուսափելի են։ Պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն»,- ասում է մասնագետը՝ հավելելով, որ խնդիրը հենց սկզբից է եղել, երբ մարդիկ սկսել են կարտոֆիլը ցանել, երբ հողը դեռ սառն էր։

Ըստ գյուղատնտեսի, կարտոֆիլը պետք է ցանել, երբ հողի ջերմաստիճանը 10 աստիճանից բարձր է։ Եթե հողում ջերմաստիճանը ցածր է, ապա ծլումը դանդաղում է։

Եղիշ Աղաջանյանն ասում է, որ ֆերմերները պետք է տեղեկացված լինեն այն բույսի բոլոր հիվանդությունների մասին, որոնք մշակում են։

«Մենք պետք է գրագիտորեն աճեցնենք կարտոֆիլը, մենք ունենք տեղեկատվության պահանջ, որը պետք է մատուցեն գյուղատնտեսները, բայց, ցավոք սրտի, նրանք մեզ մոտ քիչ են»,- ասում է Աղաջանյանը։

Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն նույնպես հաստատում է ֆերմերների իրազեկվածության պակասի փաստը:

Իսկ այն մասին, թե արդյոք Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է որևէ հետազոտություն իրականացնել, պարզելու ճշգրիտ պատճառը և աշխատել կանխարգելման ուղղությամբ, Ռամազ Գոգոլաձեն ասաց, որ իրենք կարտոֆիլի հետ կապված իրավիճակի մասին, տեղեկացրել են նախարարությանը։

«Երկու օր առաջ գրել ենք, լուսանկարներ ենք ուղարկել, դեռ պատասխան չենք ստացել: Մենք ամեն ինչի մասին տեղակացնում ենք: Նման իրավիճակ է ոչ միայն կարտոֆիլի, այլև խաղողի հետ կապված։ Վրաստանը չունի լաբորատորիա, որը հստակ կորոշի, թե ֆիտոֆտորայի որ տարատեսակն է։ Գիտելիք է հարկավոր, առնվազն երեք տարի ցանքաշրջանառությունը պահպանել, նույն մշակաբույսը մի տեղում չաճեցնել, որ հողը բուժվի, ժամանակին սկսել բուժումը և այլն»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն։

Դե իսկ որպես առաջին օգնություն, խորհրդատվության տեսքով, նա նշեց, որ ֆերմերները կարող են դիմել իրենց մասնագետին՝ գյուղատնտեսին, 595 858 367 հեռախոսահամարով։