Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտված են, սակայն մանկապարտեզի շենքը վերջնական ե՞րբ պատրաստ կլինի, դեռ պարզ չէ։

Մանկապարտեզը նախատեսված է կառուցել դպրոցի հետևի տարածքում, որտեղ այսօր կարող ենք տեսնել կիսակառույց շենքի միայն պատերը։ Մանկապարտեզի կառուցման աշխատանքների տենդերը շահել է անհատ ձեռներեց Արշակ Խանոյանը 33 990,74 լարիով։

Այսօրվա դրությամբ Կուլիկամում գործող մանկապարտեզ հաճախում է մոտավորապես 25 երեխա, չնայած գյուղում երեխաների քանակը ավելի շատ է, բայց նրանց մի մասը հաճախում է Ախալքալաքի մանկապարտեզներ, իսկ մի մասն էլ ընդհանրապես մանկապարտեզ չի գնում։ Այսօրվա գործող մանկապարտեզը համագյուղացիներից մեկի բնակարանն է, որը վարձակալել են և օգտագործում են որպես մանկապարտեզ։ Մանկապարտեզում միակ ջեռուցման հնարավորությունը` փայտի վառարանն է, որը ուղղակի նպաստում է որպեսզի սենյակային ջերմաստիճանը չհասնի մինուսի, չկա երեխաներին կերակրելու և ցերեկային քունն ապահովելու հնարավորություն, և այս բոլոր խնդիրները նպաստում են, որպեսզի ծնողները նախընտրեն գյուղից դուրս գտնվող մանկապարտեզները։

«Նորակառույց մանկապարտեզ ունենալու հույսը իրոք ուրախալի է, ի վերջո սա հին տուն է, և ինչքան էլ վառենք, նորմալ չի տաքանա։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ յուրաքանչյուր ամիս 200 լարի տարածքի վարձ ենք տալիս, ապա տվյալ գումարը կարող էինք առավել նպատակահարմար օգտագործել»,- մեզ հետ զրույցում ասաց Կուլիկամ գյուղի գործող մանկապարտեզի գլխավոր դաստիարակ Հայկանուշ Շախբեկյանը։

Չնայած մանկապարտեզի աշխատակազմը բավականին ոգևորված է նորակառույց մանկապարտեզ ունենալու մտքից, բայց գյուղի բնակիչները պնդում են, որ կառուցվող շինությունը անորակ է և ամենաուշը գարնանը կքանդվի։

«Շենքը դեռ չեն վերջացրել կառուցել և այն ինչ կառուցել են անորակ է։ Շինարարական աշխատանքները կատարվել են ցրտերին, և այդ ժամանակ պատերը սառած են եղել, հիմա հենց եղանակը տաքանա, շենքի պատերը կփլվեն», – մեզ հետ զրույցում ասաց Կուլիկամ գյուղի բնակիչ Աշոտ Միրանյանը:

«Ոչ միայն պատերի անորակությունն է խնդիրը, այլ նաև այն, որ ամբողջը թեք է, պատուհանները, ներքևի հատվածը նեղ է, վերևը լայն», – ասաց Կուլիկամի բնակիչ Անդրանիկ Ղարիբյանը:

Գյուղի գյուղապետ Վասյա Երեմյանը գյուղացիների որոշ մտքերի հետ համաձայն է, որոշների՝ ոչ: Նա ասում է, որ պատերը ճիշտ է թեք են կառուցել, բայց դա հնարավոր է շտկել հետագայում: Իսկ այն միտքը, որ շինարարությունը կատարվել է ցրտին և պատերը անկայուն կլինեն, նա չի կիսում:

«Նրանք շինարարությունը վերջացրել էին մինչև ցրտերը, մտածում եմ, որ նման խնդիր չի լինի: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքները վերսկսելուն, ապա երևի հաջորդ տարվա ապրիլ ամսից սկսենք», – ասաց Վասյա Երեմյանը:

Իսկ կիսատ մնացած շինարարությունը գյուղապետը բացատրեց հետևյալ կերպ. «Այն ինչ նախատեսված էր տենդերով, կառուցել են։ Ի սկզբանե գիտեինք, որ գումարը ամբողջ մանկապարտեզի կառուցմանը չի հերիքի։ Հիմա մանկապարտեզի պատերը որոշ չափով շարված է, իսկ մնացած աշխատանքները հուսով ենք կշարունակվի մյուս տարի, քանի-որ այդպիսի ծրագիր կա»,- ասաց Կուլիկամ գյուղի գյուղապետը:

Չնայած այսօր մանկապարտեզի շինարարությունը դադարեցված է, բայց կառուցողական աշխատանքները հնարավոր է շարունակել «Օգնություն գյուղին» ծրագրով 2016 թ.-ին տնտեսված գումարի հաշվին, որը կազմում է 141.000 լարի։

«Տարածաշրջանային զարգացման նախարարության մեր դիմումի պատասխանի համաձայն «Օգնություն գյուղին» ծրագրից տնտեսված գումարը կարող ենք օգտագործել մանկապարտեզի աշխատանքները շարունակելու ուղղությամբ», – ասաց Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը:

Ջուլիետա Տոնականյան