Այսօր Վրաստանի ուղղափառ եկեղեցին նշում է «Գիորգոբայի» տոնը: Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում տոնի կապակցությամբ տեղի ունեցավ պատարագ:
Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, ով Ռուսաստանում է և մասնակցում է Մոսկվայի և Ամենայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլի` 70-ամյակին նվիրված միջոցառումներին, պատարագ է մատուցել Մոսկվայի Սբ. Գիորգիի վրացական եկեղեցում:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է երկրի քաղաքացիներին տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ ձեզ «Գիորգոբայի» տոնի առթիվ: Թող Սուրբ Գիորգիի հոգին ուժ տա ձեզ և ամբողջ Վրաստանին», – ասել է Վրաստանի նախագահը, ով ներկա է գտնվել Կախեթի տարածաշրջանում մատուցված պատարագին:
Պատարագին ներկա էին նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին և Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին:
Ըստ տարբեր տվյալների Սուրբ Գիորգի Զորավարը ծնվել և ապրել է 2-րդ դարի վերջին և 3-րդ դարի սկզբին Հռոմեական կայսրությունում, Կապադովկիայի գավառում: Նա հայտնի ընտանիքից էր: Ռազմական կարողությունների շնորհիվ Գիորգին դարձել է Կապադովկիայի գեներալ, բայց քրիստոնեությունը ընդունելու պատճառով ենթարկվել է խոշտանգումների: Չնայած բոլոր խոշտանգումներին, նա չի հանձնվել և չի հրաժարվել քրիստոնեությունից: Այդ իսկ պատճառով՝ կայսեր հրամանով նրան գլխատել են: Սուրբ Գիորգին դառանում է քաջության խորհրդանիշ: Նա համարվում է վրաց ժողովրդի պաշտպանը: Վրաց ուղղափառ եկեղեցին տոնում է այս տոնը տարին երկու անգամ: Նոյեմբերի 23–ին (անիվների վրա խոշտանգումների օրը) և մայիսի 6-ին (գլխատման օրը):
Լուսինե Աստոյան