Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ դաշինքը «հաստատում է 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումն այն մասին, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, իսկ անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP) գործընթացի անբաժանելի մասն է»:
Վիլնյուսում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ներկայացրել է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մերձեցման համար անհրաժեշտ 3 քայլերը։ Դրանք են՝
— ռազմական օգնության ծրագիր, որը կօգնի Ուկրաինային անցնել ՆԱՏՕ-ի ուսուցման չափանիշներին,
— Ուկրաինա-ՆԱՏՕ նոր խորհրդի ստեղծում, որտեղ կողմերը կհանդիպեն հավասար պայմաններով, իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին,
— Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, երբ դաշնակիցները համաձայնեն դրան, կատարվեն պայմանները, և նրա անդամության ուղին երկու փուլի փոխարեն կանցկացվի մեկ փուլով։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է՝
● Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի նշանակալի ներդրումը ՆԱՏՕ-ի գործողություններում, ինչը ցույց է տալիս նրա նվիրվածությունն ու կարողությունը՝ նպաստելու եվրատլանտյան անվտանգությանը: Մենք հաստատակամ ենք մնում ամբողջությամբ օգտագործել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովն ու Տարեկան ազգային ծրագիրը (ANP) Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը և գործնական համագործակցությունը խորացնելու համար։
● Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Վրաստան-ՆԱՏՕ հիմնական պայմանների ընդլայնված փաթեթի իրականացման արդյունքում, ներառյալ ճգնաժամային կառավարումը, կիբերանվտանգությունը, ռազմական ինժեներությունն ու անվտանգ կապը, ինչպես նաև նոր նախաձեռնությունները քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային (CBRN) պաշտպանության ոլորտներում:
● Եվրատլանտյան ձգտումներն առաջ մղելու համար Վրաստանը պետք է առաջընթաց գրանցի բարեփոխումներում, ներառյալ առանցքային՝ ժողովրդավարական բարեփոխումները, և առավելագույնս օգտագործի Տարեկան ազգային ծրագիրը:
● ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի իրավունքին՝ իր ապագան և արտաքին քաղաքականության կուրսը որոշելու ինքնուրույն՝ առանց արտաքին միջամտության:
● ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
● ՆԱՏՕ-ն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դուրս բերել իր զորքերը, որոնք նա տեղակայել է Վրաստանում առանց այդ երկրի համաձայնության:
● Դաշինքը նաև կոչ է անում Ռուսաստանին չեղարկել Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը, դադարեցնել այդ շրջանների ռազմականացումը և սահմաններ հաստատելու ու բռնի կերպով դրանք Վրաստանից անջատելու փորձերը։
__________
Հարկ է ընդգծել, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ 2008 թվականին Ռուսաստանը «նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց»՝ ներխուժեց Վրաստան և պատերազմ սկսեց Ուկրաինայում.
«Մի օր Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, բայց մենք երբեք շոշափելի քայլ չենք արել այդ ուղղությամբ։ Այն ժամանակ Ռուսաստանն առանց հապաղելու նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց՝ 2008 թվականին ներխուժելով Վրաստան։
Այնուհետև նա անեքսիայի ենթարկեց Ղրիմը, ապակայունացրեց իրավիճակը Դոնբասում և դրանից հետո սկսեց լայնածավալ պատերազմ Ուկրաինայում։ Ժամանակն է փոխել այս պարադիգմը: Եվրոպայում անվտանգություն և կայունություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել Ուկրաինայի ապագան»։