Տարեցտարի ավելանում է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դիմորդների քանակը։ Թե ինչի հետ է կապված այս փաստը փորձեցինք պարզել ինչպես համալասրանից, այնպես էլ այս տարվա դիմորդներից։

Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն հաստատում է, որ այս տարի շատացել են դիմորդների քանակը, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով։

«Անկեղծորեն ուզում եմ ասել, որ երբևէ չեմ իմացել մյուս համալսարանների վիճակագրությունն ինչպիսին է, քանի որ այն ինձ համար կարևոր չէ, ինձ համար առաջնահերթ է մեր սեփական զարգացումը։ Ամեն տարի մեր համալսարանում վրաց լեզվի նախապատրաստական կուրսում գրանցվածների քանակն ավելանում է։ Եվ այս տարի ևս ավելի շատ դիմորդ է գրանցվել, որը ստեղծում է մրցակցություն։ Ես շատ ուրախ եմ, որ ամենալավ դիմորդներն են ընտրում մեր համալսարանը, օրինակ՝ անցած տարվա տվյալներով մեր համալսարան է ընդունվել 9 մեդալակիր, ինչը շատ կարևոր է։ Մեր գլխավոր մոտիվացիան այն է, որ հայ բնակչությանը հասանելի լինի մեր համալսարանը։ Համալսարանի բոլոր մասնագիտական ծրագրերը տեղափոխել ենք Ախալքալաքի մասնաճյուղ», – ասում է ռեկտորը։

Վերջինս նշում է, որ օգոստոսին մասնագիտական նախագծի համար նախատեսված մասնաշենքի վերանորոգումը կավարտվի: Եվ համալսարանի տնօրինությունը պատրաստվում է դպրոցներով շրջայց կատարել և աշակերտներին ներկայացնել համալսարանում գործող ծրագրերն ու բաժինները:

«Մասնագիտական կրթության դեպքում, եթե Ախալցիխեում ունենք 70 տոկոս վրացի և 30 տոսկոս հայ, ապա Ախալքալաքում հնարավոր է կեսից շատ մեր հայ ուսանողները լինեն», – հավելում է Մակա Բերիձեն:

Մեր հարցին, արդյո՞ք դիմորդների քանակն աճել է այն բանի ֆոնին, որ Թբիլիսիում տան վարձերը շատ բարձր են և մարդիկ մայրաքաղաքում սովորելու հնարավորություն չունեն, Բերիձեն պատասխանեց՝

«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչու է ուսանողը գալիս մեր համալսարան: Մեր համալսարանն են ընտրում, քանի որ որակյալ կրթությունը հասանելի է իրենց ընտանիքին մոտ, որը ֆինանսապես հարմար է։ Միևնույն ժամանակ մենք վիճակագրություն ունենք, որ հայալեզու ուսանողները համալսարանում ոչ միայն հասցնում են սովորել, այլ բացարձակ մրցունակ են, և ստանում են՝ թե պետական, թե քաղաքապետարանի կրթաթոշակ: Այսինքն՝ նրանք համալրում են որակյալ կրթությունը ֆինանասական հարամարության հետ»։

Հատկանշական է նաև այն, որ եթե նախկինում համալսարանը տարբերություն է դրել հայ և վրացի ուսանողների միջև, հայ ուսանողներին փողզիջման է գնացել, հիմա այլևս այդպես չէ։

«Երբ մի հայ ուսանողի հարցրի, թե ինչու՞ է ընտրել Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը, մի նախադասությունով պատասխանեց՝ «Ես գիտեի, որ այս համալսարանում չէիք տարբերելու, որ հայ եմ»։ Ուզում եմ ասել, որ ուսանողները զիջումներ և արտոնություններ չեն ուզում, նրանք ուզում են չտարբերվել։ Եվ մեզ համար էլ տարբերություն չկա, եթե նախկինում կար տարբերություն և բարձր էինք գնահատում, մի քիչ զիջում էինք, քանի որ հայ էր, հիմա այդպես չէ», – եզրափակում է համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։

Սամցխե-Ջավախեթի համալսարան է ցանկանում այս տարի ընդունվել նաև Խուլգումո գյուղից Նարինե Թոփալյանը։ Նա ասում է, մինչ գրանցվելը հետաքրքվել է սովորողներից, որ լավ համալսարան է։

«Ուզեցի ընդունվել Սամցխե-Ջավախեթիի համալսարան, նախ որ ծնողներիս մոտ կլինեմ, և երկրորդ, որ ֆինանսապես հարմար է։ Ես մոտ եմ քաղաքին, տուն չեմ վարձելու, այսինքն՝ շատ գումար չեմ ծախսելու: Իհարկե, Թբիլիսիում ավելի թանկ կլինի, քան այստեղ։ Ինչ վերաբերում է համալսարանին, ապա շատերից եմ դրական արձագանք լսել», – ասում է Նարինեն։

Բավրա գյուղից Ռիփսիմե Կարսյլանը նույնպես ցանկացել է ընտանիքին մոտ լինել։

«Ես կարծում եմ, որ Թիֆլիսիում կյանքն ավելի դժվար է, քան այստեղ։ Դրա հետ մեկտեղ ճանապարհածախսը քիչ է, բնակարան չեմ վարձելու», – ասում է նա։