Հուլիսի 2—ից 7—ը Քոբուլեթիում կայացել է «Մզիանի Սաքարթվելո» (Արևոտ Վրաստան) պարի փառատոնը, որին Ախալքալաքից մասնակցել է «Վաչիան» պարային համույթը, որտեղ ներկայացրել է երեք հայկական պար։ Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են դիպլոմների։

«Վաչիան» պարային համույթի սաները ներկայացրել են «Ծաղկաձոր», «Փափուռի» և «Կտկտիկ» պարերը։ Պարուսույցը նշում է՝ հանդիսատեսը հավանել է բոլոր պարերը, սակայն «Կտկտիկի» հանդեպ արձագանքն ավելի ջերմ ու բուռն է եղել։

hamuyt

Փառատոնին կից նաև ջամբար է գործել, որտեղ երեխաները միաժամանակ պատրաստվել են փառատոնի բացմանը:

«Մենք մասնակցեցինք Քոբուլեթիում կայացած ճամբարին, գնացել էինք 6 օրով: Կորոնավարակից հետո մեր պարի հիմնական խումբը կարծես ցրվեց, հիմա գրեթե նորն է ձևավորվել և առաջին անգամ ենք այս կազմով մասնակցում ծովափնյա փառատոնին», – ասում է համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը։

Փառատոնին մասնակցել են Վրաստանի շուրջ 7 շրջանի, ներառյալ մայրաքաղաքի պարային խմբերը։

Պարուսույցը գոհ է, ասում է երեխաները շատ լավ են ելույթ ունեցել։

«Առաջին անգամվա համար ես գոհ եմ, գոհ էր նաև հանդիսատեսը: Փառատոնը մրցույթային չէր, մեր բոլոր մասնակիցներն արժանացան անհատական դիպլոմների», – ավելացնում է պարուսույցը։

Նաև անհատական դիպլոմներ են տրվել պարուսույցներին։

Naslet

Վերջինս կարևորում է այսպիսի փառատոններին մասնակցությունը, քանի որ երեխաներին հնարավորություն է տրվում տեսնելու և սովորելու ավելին։

«Շրջագայությունները հնարավորություն են տալիս երեխաներին տեսնել մեծ բեմեր, հանդիսատես, նեղ շրջանակից դուրս են գալիս: Սա նրանց ոգևորում է, նոր ծանոթություն և ընկերություն են ձեռք բերում, նաև պետական լեզվի հետ են ավելի շատ առնչվում»,- հավելում է Նասլեթ Քեյանը:

Երեխաների հանգիստը կազմակերպվել է փառատոնից դուրս նաև Բաթումի քաղաքում, տեսարժան վայրեր են այցելել։ Ֆինանսական ծախսերը հոգացել են ծնողները:

Ապագայի ծրագրերը շատ են, սակայն ամենամոտը Բուլղարիա գնալն է. «Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունենալու պարի միջազգային փառատոն և մեր խմբից մոտ 10 հոգի պետք է մասնակցի, Նինոծմինդայի «Փարվանա» և Թբիլիսի այլ խմբերի հետ: Ծրագրեր շատ կան՝ թե Երևանում, թե Թբիլիսիում: «Վաչիան» պարային համույթը շատ անգամ է նախաձեռնող եղել, տեսնենք ինչպես կստացվի, ուզում ենք ժողովրդին հրավիրել դուրս և պարի բաց դասեր անցկացնել»:

Նշենք, որ «Վաչիան» պարային համույթը ձևավորվել է 2008 թվականին: Այս ընթացքում միայն մի տարի չի գործել այն էլ կորոնավարակի պատճառով:

Հիմա «Վաչիան» համույթում պարում է 110 երեխա, գործում է չորս խումբ, պարւմ են 4-ից մինչև 16 տարեկան երեխաներ։

«Վաչիանում մենք պարը դարձրել ենք ավանդույթ, սկզբնական շրջանում պարելը շատ ամոթ էր անգամ տղաներին: Ուզում եմ մեծ ուրախությամբ ասել, որ սկսել ենք մի տղայով, իսկ հիմա խմբում 30 տղա է պարում: 2008 թվականին ես խնդրում էի, ծնողներին, որ տղաներին ուղարկեն պարելու, իսկ հիմա այդ խնդիրը չունեմ, դա պարարվեստի մեջ արդեն իսկ հաղթանակ է», – եզրափակում է «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը: