Ծնունդով Ջավախքի Խավեթ գյուղից, Հայաստանի հանրապետության զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Գարեգին Պողոսյանն ընտրել է հրետանավորի մասնագիտությունը, ոգեշնչվելով իր հոր պապից, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրետանավոր է եղել: Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղի դպրոցն ավարտելուն պես՝ 1999 թվականին, Գարեգինն ընդունվում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Հաջողությամբ ավարտելով այն 2003-ին դառնում է ՀՀ զինված ուժերի սպա, ապա շարունակելով ծառայությունը սկսում է զբաղեցնել տարբեր պաշտոներ:

yntaniqy - 1

Գարեգինը ծնվել է 1982 թվականին Սամվել Պողոսյանի և Կատիա Խեդոյանի ընտանիքում: Հայրը՝ Սամվել Պողոսյանը մասնագիտությամբ ինժիներ-մեխանիկ է, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը կոլխոզի նախագահ է եղել, հիմա գյուղատնտեսությամբ է զբաղվում: Մայրը՝ Կատիա Խեդոյանը, երկար տարիներ է Հայոց լեզու և գրականություն է դասավանդում գյուղի հանրային դպրոցում:

Ծնողները սրտի դողով ու քիչ լցված աչքերով են հիշում հատկապես 44-օրյա պատերազմը, քանի որ 44 օր շարունակ ապրել են անհանգստության ու վախի մթնոլորտում:

«44-օրյա պատերազմի ժամանակ որդիս կռվում էր պատերազմի ամենաթեժ կետերում, հրետանավոր էր: Պատերազմի ամբողջ ընթացքում որդուս ընտանիքը Սյունիքում  էր՝  Կապան քաղաքում: Պատերազմի սկսվելու օրվանից, երբ լսեցինք այդ չարաբաստիկ լուրը, չկարողացանք կապ հաստատել տղայիս հետ ու այդպես 44 օր շարունակ, կապ չկար նաև ընտանիքի հետ, բացարձակապես ոչ մի լուր, միայն մի անգամ՝ պատերազմի 10-րդ օրը զանգեց, բայց մեզ հետ չխոսեց, չասաց լավ է, թե վատ, իր ձայնն էր լսվում, հրաման էր տալիս զինվորներին՝ հրետանին պատրաստեք, այս բառերը լսեցինք ու կապն ընդհատվեց, ու այդպես մինչև պատերազմի ավարտը», – պատմում է Գարեգինի հայրը:

Ծառայության ամբողջ ընթացքում Գարեգին Պողոսյանի ընտանիքը ստիպված է եղել ամեն անգամ փոխել ապրելու վայրը: Չնայած տարհանման հրամաններին, նրա ընտանիքը մինչև պատերազմի ավարտն Արցախում է մնացել:

«Ավելի դժվար էր, երբ գիտեի, որ որդուս ընտանիքը նույնպես այնտեղ է, թշնամու կրակի տակ: Որդուս լավ ճանաչելով գիտեի, որ թե ինքը, թե իր ընտանիքը մինչև վերջ մնալու էին այնտեղ: Ես իմ որդուն դաստիարակել եմ հայրենասեր: Նա մանկունց երազում էր զինվորական դառնալու մասին և, երբ որոշեց դառնալ զինվորական ու գնաց Հայաստան ես համաձայնվեցի իր ընտրության հետ: Իրականում շատ դժվար էր՝ թե սկզբում, թե հիմա: Սկզբնական շրջանում կապի խնդիր կար, հետո արդեն աշխատանքի պատճառով ժամանակը չէր բավականացնում, իսկ վերջին իրադարձություների ժամանակ կապ ընդհանրապես չենք ունեցել: 44 օր շարունակ անքուն լուսացրել եմ գիշերները մտածելով որդուս մասին: Երբ պատերազմի ավարտին ստացա նրա զանգը կարծես աշխարհն ինձ տվեցին», – արտասվախառն աչքերով պատմում է Գարեգինի մայրը:

Gariky - 1

Գարեգինը պատերազմի առաջին իսկ օրվանից կռվել է ամենաթեժ կետերում Ջաբրայիլից մինչև Կովսական, կռվել է հերոսաբար, կատարել իր առջև դրած պարտավորություները: Գարեգինը կարողացել է հրետանիով լռեցնել ու ետ շպրտել թշնամու անընդհատ շարունակվող հարձակումները, օրեր շարունակ մնացել է շրջափակման մեջ, բայց կարողացել է պլան մշակել ու ճեղքել թշնամու գիծն ու իր ամբողջ անձնակազմը ողջ ու առողջ դուրս բերել շրջափակումից: Ցուցաբերած խիզախության համար պատերազմի ավարտին Գարեգին Պողոսյանն արժանացել է Հայաստանի հանրապետության ազգային հերոսի կոչման:

Գիրքը - 1

44-օրյա հերոսապատում գրքում Գարեգին Պողոսյանի մասին գրված է.

«Հրետանին պատերազմի աստված է, մենք ականատես եղանք դրան Գարեգինի գլխավորությամբ… Թվում է, թե նրա յուրաքանչյուր ստացած խնդրի կատարումից է կախված մարտի դրական ելքը, և նա փառքով է կատարում յուրաքանչյուր հանձնարարություն, յուրաքանչյուր խնդիր»:

Ու դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Գարեգինը դարձել է Գեներալ-Մայոր, իսկ նրան է վստահվել ամբողջ Գեղարքունիքը, Գարեգինի
ծնողները հպարտ են, որ որդին հասնում է բարձրունքների, նրա մասին է խոսում ողջ ազգը, հերոս որդի ունեն, ում վստահվել է մի ամբողջ բանակային կորպուս, բայց հպարտության հետևում վախն է, քանի որ իրենց որդու կյանքը վտանգված է սահմանին:

«Հպարտ եմ որ ունեմ նրա նման որդի, բայց վախենում եմ սահմանին խաղաղ չէ», – եզրափակում է Գարեգինի մայրը: