«Հայարտուն» մշակութային և կրթական կենտրոնում հանդիպում է անցկացվել Հայաստանի Տավուշի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Թովմաս Առաքելյանի և ազգությամբ հայ երիտասարդների միջև: Հանդիպման թեման քրիստոնեությունն էր: Ներկա էր նաև Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

Խոսվել է ինչպես կրոնի, այնպես էլ քրիստոնեության վերաբերյալ տարածված սխալ տեղեկությունների մասին: Հարց ու պատասխանի ձևաչափով երիտասարդները բարձրաձայնեցին իրենց հուզող հարեցերը, օրինակ՝ մկրտությունը, պատարագներին մասնակցությունը, կրոնի քարոզչությունը և այլն: Թովմաս Առաքելյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել աղանդավորության, օրինակների տեսքով բացատրել դրանց տարածման պատճառների և հետևանքների մասին, խոսել կրոնի ճիշտ քարոզչության գործում երիտասարդների դերի մասին, կարևորելով յուրաքանչյուրի ներգրավվածությունը դրանում: Ընդգծելով, որ շատ հաճախ նրանց քարոզչությունն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա, քան հոգևորականների իրականացրած քարոզը:

tovmas araqel

tovmasss

Jnews-ի հետ զրույցում Տավուշի թեմի Երիտասարդաց միության պատասխանատուն կարևորել է հանդիպումը՝ նշելով, որ շատ կարևոր է նմանատիպ հանդիպումների իրականցումը հայ հասարակության ներկայացուցիչների հետ:

«Շատ կարևոր է, որ մենք խոսենք իրար հետ, անդադար ծանոթության և շփման մեջ լինենք, հայրենաճանաչությունն իրար ճանաչելու մեջ է, հատկապես այսօր, երբ համացանցն այսքան հնարավորություններ է տալիս: Կարծում եմ, պետք է օգտվել դրանից իրար ավելի լավ ճանաչելու համար, ու ես այստեղ եմ ոչ այնքան սովորեցնելու, որքան սովորելու համար: Ես հասցրեցի նոր բաներ սովորել այստեղի երիտասարդներից, նրանց հայ լինելը շատ կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին, հենց նրանց հայ մնալն ինքնին անխոս, բայց հավիտենական խոսուն ուղերձ է», – ասել է Առաքելյանը:

Վերջինս նաև հույս է հայտնել, որ ապագայում հնարավորություն կլինի Ջավախքում ևս կազմակերպել և իրականացնել նմանօրինակ հանդիպումներ: