Օրերես հայկական տարբեր լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ հուլիսի 1-ից արդեն հնարավոր է վրաց-հայկական սահմանը հատել նույնականացման քարտով, սակայն Վրաստանի պարեկային ոստիկանությունից Jnews-ին հաստատեցին, որ դեռ հնարավոր չէ: Հայաստանի ԱԳՆ-ն ևս պարզաբանող հայտարարություն է տարածել, որ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում:

Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:

2023 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում:

Նշվում է նաև, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում:

JNEWS-ի հետ հեռախոսազրույցում Վրաստանի պարեկային ոստիկանության վարչությունից հայտնեցին, որ Վրաստան-Հայաստան միջպետական սահմանը նույնականացման քարտով դեռ հնարավոր չէ հատել:

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները վրաց-հայկական սահմանը կհատեն ID քարտով՝ առանց անձնագրի:

Հայաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմ չի գործում: