Այսօր՝ հունիսի 30-ին, կեսօրին Ախալքալաքում միջադեպ է տեղի ունեցել, Jnews-ի տեղեկություններով՝ մի երիտասարդ կրակել է մյուսի ուղղությամբ՝ վնասելով ոտքը։ Հիվանդանոց է տեղափոխվել մոտ 34 տարեկան երիտասարդ, որը ոտքի ստորին հատվածում վիրավորում է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ախալքալաքում այսօր ընդհարում է տեղի ունեցել, հաշիվ մաքրելու հստակ վայրի մասին տեղեկություն չկա, սակայն վիրավորին, ըստ նախնական տվյալների, հայտնաբերել են Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Շրջանային հիվանդանոցից ոչ շատ հեռու։ Հիվանդանոցում վիրավորին հետազոտել են, նա ոտքի ստորին ծնկային հատվածում վիրավորում ունի: Վնասվածքը, բժիշկների նախնական գնահատմամբ, հրազենային չէ։

Այն վայրում, որտեղ նախապես հայտնաբերվել էր վիրավորը, ավտոմեքենա կա, տարածքը շրջափակված է։ Սակայն մեքենան, ըստ դրա մեջ գտնվող անձի, պատկանում է հենց իրեն, իսկ նա ոստիկանության աշխատակից է։

Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի հստակեցրել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել Ախալքալաքում, և ինչ հոդվածով է ընթանում հետաքննությունը։ Jnews-ը սպասում է ՆԳՆ-ի արձագանքին և ստանալուն պես կհրապարակի այն։