Այսօր՝ հունիսի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղում ֆուտբոլի հուշամրցաշար է մեկնարկել նվիրված՝ 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանի հիշատակին։
Հուշամրցաշարը կազմակերպել են Արագվայի թե՛ գյուղում և թե՛ գյուղից դուրս ապրող երիտասարդները։
«Այսօրվա մեր հուշամրցաշարը կազմակերպել ենք մեր համագյուղացի, մեր եղբայր Վալենիտին Բուռնուսուզյանի հիշատակին, ով 44-օրյա պատերազմի հերոս է։ Երիտասարդների, ովքեր դրսում են բնակվում, շնորհիվ կարողացանք բոլորին համախմբել և կազմակերպել այս մրցույթը։ Նշեմ, որ մրցույթ կազմակերպելու միտքը երիտասարների շրջանում վաղուց կար», – ասում է Արագվա գյուղից Տիգրան Յայլախանյանը։
Հուշամրցաշարում կպայքարեն 19 գուղի ֆուտբոլային թիմեր։ Այսօր խաղացել են. Արագվա-Բուռնաշեթ գյուղերի թիմերը՝ խաղն ավարտվել է Արագվայի հաղթանակով, Ագանա-Իխտիլա՝ խաղն ավարտվել է Իխտիլայի հաղթանակով, Դիլիսկա-Զակ՝ խաղն ավարտվել է Դիլիսկայի հաղթանակով, Կարտիկամ-Լոմատուրցխ՝ խաղն ավարտվել է Կարտիկամի հաղթանակով, Սուլդա-Բուզավեթ՝ խաղն ավարտվել է Բուզավեթի հաղթանակով, Փոքր Սամսար-Տուրցխ՝ խաղն ավարտվել է Փոքր Սամսարի հաղթանակով, Մերենիա-Մաջադիա՝ խաղն ավարտվել է Մերենիայի հաղթանակով և Կոթելիա-Բարալեթ՝ խաղն ավարտվել է Բարալեթի հաղթանակով:
Ֆուտբոլային մրցաշարի բացմանը ներկա էին եղել փոխգնդապետի կինն ու երեք զավակները։
Կինը՝ Նարինե Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնում խաղը կազմակերպողներին և հպարտությամբ խոսում ամուսնու մասին.
«Ամուսինս զինվորականի ուղին դեռ դպրոցական հասակից է ընտրել: Ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավատել է 2003 թվականին ու ընդունվել է, ինստիտուտը ավարտելուց հետո նշանակվել է Դիլիջանում, այնուհետև Կապանում և Արցախում»։
Կինն ասում է, բնույթով խիստ է եղել, շատ է սիրել իր մասնագիտությունը, իր ենթականերից պահանջել է լինել կոկիկ, և լավագույնը՝ մասնագիտական բոլոր առումներով։ Մասնակցել է բազում տանկային մրցաշարերի, միշտ իր վաշտերը հաղթանակ են տարել։
«Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ խմբով մեկնել էին «Կովկաս 2020» տանկային զորավարժություններին, որն Աստրախանում էր անցկացվում, վերադարձավ պատերազմի երրորդ օրը և օդանավակայանից միանգամից մեկնեց է առաջնագիծ»։
Նարինեն այդ օրը երեխաների հետ նրան դիմավորել է օդանավակայանում, քանի որ իմացել է, ամուսին իր վաշտի հետ միանգամից մեկնելու է Արցախ։
Վալենտինը մարտնչել է Ջրականի (Ջաբրաիլ) մարտերում, այդ ընթացում ավարտել է ակադեմիան և ստացել մագիստրոսի կոչում, 2017 թվականին նշանակվել է Կապան, այնուհետև՝ տեղափոխվել է Արցախ, որպես առանձին զրահատանկային զորամասի հրամանատար։
Վալենտինը զոհվել է հոկտեմբերի 3-ին, առաջնագծում։ Իր զինվորներին խրամատներ է ուղարկել, առաջնագծում եղել է իր տեղակալների հետ, թշնամու կրակոցից մենակ ինքն է զոհվել, փամփուշտը պարանոցային հատվածին՝ աորտային է դիպել։
Շատ է սիրել իր մասնագիտությունը, կինն ասում է. «Որ խոսում էր տանկերի մասին աչքերը փայլում էին, ծիծաղում էի, մեկ-մեկ ասում էի տանկերիդ ընտանիքիցդ շատ ես սիրում, ժպտում էր, ասում էր տանկերն էլ են իր երեխաները»։
Ասել է, որ չի ցանկանում, որ իր տղան իր ուղղին բռնի, սակայն իր հետ միշտ տարել է զորամաս։
«Տղաս էլ միչև հայրիկի զոհվելն ասում էր, որ պապայի նման հրամանատար եմ դառնալու, զոհվելուց հետո կարճ ու կոնկրետ պատասխանում է, որ դառնալու է աստղաֆիզիկ, որ զենքեր և զենքերի տեսակներ ստեղծի, որ հաղթի թշնամուն, վրեժ կա սրտում, միշտ շեշտում է հայը պետք է միշտ հաղթի»։
Վալենտինի կինը և նրա երեխաները հիմնական կացության տեղ չեն ունեցել, շրջել են ամուսնու հետ, որտեղ որ տեղափոխել են ամուսնուն, նրա հետ են եղել, անգամ եթե տարրական ապրելու միջոցներ չեն եղել։
«10 տարի ապրել ենք Դիլիջանում, հետո մի տարի Երևանում, որպեսզի նա վերջացներ ակադեմիան, հետո Կապան ու Արցախ։ Վերջում Որոտան (Կուբաթլու) ենք ապրել, սեփական տուն չենք ունեցել։ Ամուսնուս զոհվելուց հետո ջավախահայության և արագվացիների հանգանակության շնորհիվ հավաքվեց բավականին մեծ գումար, որի շնորհիվ էլ ես կարողացա բնակարան ձեռք բերել»։
Նարինեն ասում է, այն դժվարությունը, որ ինքն ունի խոսքով անհնար է բացատրել, հիմա աշխատում է երեք տեղ։
«Երբ սովոր ես, որ ամբողջ կյանքդ կա մարդ կողքիդ, որ չկա այնպիսի հարց, որ ինքը չկարողանա լուծի, հետո մնում ես մեն-մենակ, ոչ տուն ունես, ոչ տեղ, դժվար է իհարկե»:
Չնայած դժվարություններին հերոսի կինը հպարտությամբ է շեշտում, որ երեխաները պետք է գնահատեն իրենց հայրիկի արած քայլը, ով իր պարտքն է կատարել, լինել իր զինվորների կողքին, զոհվել է հայրը, բայց նա հերոս է:
Ավելացնում է. «Զինվորական լինելը դա աշխատանք չէ, դա կոչում է»:
Վալենտինը հանգչում է Եռաբլուրում։
Չնայած այն փաստին, որ Վալենտինը զիվորական է եղել և ունեցել է հագեցած գրաֆիկ, միևնույնն է նրա կապը ուժեղ է եղել հայրեինի գյուղի՝ Արագվայի հետ, եթե անգամ ինքը չի կարողացել գալ գյուղ, երախաններն ու կինը անպայման ամառային արձակուրդները գյուղում են անցկացրել։ Վալենտինը մեծացել է քեռու ընտանիքում, քանի որ նրա ծնողները մահացել են, երբ ինքը շատ փոքր է եղել։
Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 29-ին։