Հունիսի 25-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգին զարդարված էր վառ գույներով: Շրջանի բնակիչները իրենց փոքրիկների հետ եկել էին “Երաժշտական երեկոներ” միջոցառմանը, որը դարձավ տոնախմբություն:
Միջոցառումը սկսվեց երեկոյան ժամը 19:00-ին և տևեց մինչև 22:00-ն:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև զբոսայգում շրջում էին հեքիաթային հերոսներ, կազմակերպված էր զվարճալի խաղեր և փրփուր շոու:
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների և Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի աշխատակիցներ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը նշեց.
“Այս միջոցառումը կազմակերպված է կառավարության կողմից, ֆինանասավորումը նույնպես նրանց կողմից է: Մեր կողմից իրականացվել է միայն ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը և մյուս վաճառասեղանների տրամադրումը, ովքեր բիզնես են անում: Նրանց մենք օգնել ենք ամեն ինչով: Կոնկրետ տոն օր չէ, ուղղակի երաժշտական երեկո, որը շատ լավ է և ակտիվություն է երիտասարդների համար”, – ասաց նա:
Երեկոն անցավ «Շվիդկացա» անսամբլի և Mix2ra խմբերի գեղեցիկ ելույթների ուղեկցությամբ: