Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) հրապարակած՝ 2023 թվականին անցկացվելիք միասնական ազգային քննությունների ժամանակացույցի համապատասխան` 1+4 ծրագրի համար հանձնվող ընդհանուր ունակությունների քննությունը կանցկացվի հուլիսի 18-ին: Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել դիմորդներին՝ դեպի ուսանողական կյանք տանող առաջին քայլն անելու, որը հաճախ ուղեկցվում է հուզմունքով, մտավախություներիվ և դժվարություններով: Jnews-ը զրուցել է ուսանողների հետ, ովքեր այդ ճանապարհն արդեն անցել են, և, որպես փորձառուներ տարբեր խորհուրդներ են տալիս դիմորդներին:
Կրիստինա Խոցանյանը ԹՊՀ-ի ստոմատոլոգիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է, նա նույնպես անցել է այդ ապրումների միջով: Տարիների հեռվից հիմա արդեն ուրախությամբ է հիշում այդ ամենը:
«Խորհուրդ եմ տալիս նախաքննական ամբողջ ժամանակը տրամադրել միայն պարապունքներին, կողքի թողնել մնացած ամեն ինչը և մոռանալ «հոգնեցի» արտահայտությունը: Ճիշտ է, դժվար է լիովին կենտրոնանալ միայն քննությունների վրա, սակայն լավ արդյունք ունենալու համար պետք է շատ աշխատել: Ինչ վերաբերվում է արդեն քննության օրվան, ապա շատ կարևոր է ուշադրություն դարձնել սնունդին, ըմպելիքներին և հուզական վիճակին նախքան քննասենյակ մտնելը: Վստահ եղեք, որ ձեզ հետ վերցրել եք համապատասխան փաստաթղթերն ու տպած թերթիկը: Շատ կարևոր է, որ սնվեք և սոված չգնաք քննության, խմեք միայն սովորական ջուր, ձեզ հետ ևս ունեցեք, բացառեք էներգետիկ խմիչքները կամ քննությունից առաջ հանգստացնող հաբեր ընդունելը»:
Կրիստինան վստահեցնում է, որ քննական սենյակում ժամանակն այնքան արագ է անցնում, որ դիմորդը չի էլ նկատի, որ հատկացված ժամանակը մոտենում է ավարտին: Այդ պատճառով, շատ կարևոր է հետևել և փորձել հավասարաչափ բաշխել ժամանակը:
«Հետևեք ժամանակին և երբ այն ավարտվի, ձեր հարցերից ամպատասխան չմնան, իսկ եթե նույնիսկ այդպես է եղել նշեք մոտավոր պատասխան, բայց վանդակը դատարկ մի թողեք: Շատ կարևոր է նաև, որ ձեզ համար ճիշտ թվացող պատասխանը լավ տեսանելի նշեք թղթիկի վրա, որ հետագայում տեխնիկական խնդիրներ չառաջանա: Իսկ ամենակարևորն է, առավելագույն հանգստություն ցուցաբերեք, ձեր սովորածն ամբողջովին կիրառեք և մտածեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»:
Թամար Բիբիչաձեն նույնպես ԹՊՀ-ի ուսանողուհի է, նա սովորում է միջազգային հարաբերություններ բաժնում: Նրա դիմորդ եղած ժամանակահատվածը համընկել է համաճարակի հետ և հիմնական բարդությունները բխել են հենց դրանից: Թամարի խոսքով, շատ կարևոր է, որ դիմորդը քննության ժամանակ իրեն հարմարավետ զգա սենյակում, որպեսզի կարողանա իր գիտելիքներն ամբողջովին կիրառել: Դրանում իր մեծ դերն ունի նաև հսկիչը, որն ամբողջ ընթացքում քննասենյակում է: Կարևոր է, որ նա ավելորդ սթրեսի չենթարկի դիմորդներին և ընկերական վերաբերմունք ցուցաբերի: Հիշում է, երբ ինքն է քննություն հանձնել հսկիչը բարձրակրունկներով է եղել և ամեն անգամ քայլելիս կոշիկների ձայնն իրեն շեղել է:
«Իմ խորհուրդն է դիմորդներին, շատ ժամանակ տրամադրեք և պարապեք չիմացածի վրա, քանի որ քննության ժամանակ հենց դա կարող է հանդիպել: Եթե հնարավոր լիներ ինչ-որ բան փոխել անցյալում, ապա ես իմ ժամանակն ավելի լավ և էֆեկտիվ կօգտագործեի»:
Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր այս տարի դիմորդ են Թամարը խորհուրդ է տալիս ոչնչից չվախենալ և չտարակուսել Վրաստանում բարձրագույն կրթությունը շարունակելու հարցում, և միանշանակ ընտրել Վրաստանը:
«Ինձ համար շատ կարևոր է, որ նրանք վստահ լինեն, որ հենց իրենք կարող են դառնալ փոփոխություններ բերողը: Աշխատեն այդ ուղղությամբ, որ տարեց տարի գալիք սերունդների համար ավելի հեշտ դառնա այն ճանապարհը, որն իրենք դժվարություններով են անցել, երբեք իրենց ավելի թույլ չզգան: Այս ամենը կարող եմ համեմատել սպորտի հետ, երբ քեզանից ուժեղ թիմի հետ խաղի ես պատրաստվում և խաղը սկսում ես արդեն պարտվածի հոգեբանությամբ, հենց այդպես էլ լինում է, բայց երբ չես վախենում և սկսում ես մտածել հաղթանակի մասին, կարող ես խելամիտ գործել և հաղթանակ տանել»:
Թամարը նաև խորհուրդ է տալիս վրացերեն սկսել սովորել նախքան քննությունը և նախքան համալսարան ընդունվելը, որ ընդունվելուց հետո ավելի հեշտ լինի հետագա ուսումնական պրոցեսը: Եվ նախօրոք մտածել մասնագիտական ընտրության մասին, և հավատալ, որ կրթությունը շատ մեծ դեր է խաղալու իր կյանքում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 3-ին՝ վրաց լեզվի և գրականության քննությամբ, և կավարտվեն հուլիսի 26-ին՝ ֆիզիկայի քննությամբ: