Հունիսի 24-ին Թբիլիսիում անցկացվեց բողոքի ցույց վրաց-ռուսական սահմանը փակելու պահանջով։ Այն միացավ Ճիաթուրայի հանքափորների խաղաղ ակցիային։
Ռուսաստանում տիրող իրավիճակից Վրաստանում ավելացավ մտահոգությունը, որ քաղաքացիական պատերազմի դեպքում ռուսների նոր ավելի մեծ հոսք կգա երկիր, ինչը վրաց հասարակության համար անընդունելի է:
Սոցիալական ցանցերում տարածվեց վրաց-ռուսական սահմանը փակելու պահանջով խորհրդարանի դիմաց ակցիա անցկացնելու մասին տեղեկություն։ Հանդես եկան նաև բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, կոչ անելով Վրաստանի իշխանություններին փակել սահմանը՝ ռուսների հնարավոր հոսքից և դրանից բխող հետևանքներից խուսափելու համար։
Հունիսի 24-ի երեկոյան «Փակեք Ռուսաստանի հետ սահմանը» ակցիան կազմակերպել էր «Ուսանողները եվրոպական ապագայի համար» շարժումը: Ակցիայի մասնակիցները խորհրդարանի դիմաց եկել էին Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով, նրանցից մի քանիսն, ի նշան բողոքի, պարզել էին Պուտինի ծաղրանկարները, ոմանք էլ «Խաղաղ հեղափոխություն» գրություններով պաստառներ:
Բողոքի ակցիան, ինչպես նախատեսված էր նախօրոք, սկսվեց 19:00-ին, սակայն ունեցավ այլ ընթացք, քանի որ արդեն մի քանի օր է խորհրդարանի դիմաց Ճիաթուրայի հանքափորները խաղաղ ցույց էին անցկացնում աշխատանքային պայմանների բարելավման պահանջով։ Վրաց-ռուսական սահմանի փակման պահանջով հավաքված քաղաքացիները միացան հանքափորներին և ակցիայի սկզբնական շրջանում հիմնական ակցիան ընթացավ՝ ի աջակցություն հանքափորների։
Սակայն Խորհրդարանի դիմաց հնչող պահանջները բազմաթիվ էին։ Ակցիայի մասնակիցների մի մասը եկել էին «Ազատություն Միշային», «Փրկենք Միշային» և «Աջակցություն Ուկրաինային» գրությամբ պաստառներով, որոնք անցկացնում էին զուգահեռ ակցիա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատման պահանջով:
Կային նաև քաղաքացիներ, ովքեր եկել էին ի աջակցություն Գիորգի Լազարիային «85 օր ապօրինի կալանք» և «Ազատություն Լազարիային» գրությամբ պաստառներով, ով 85 օր շարունակ գտնվում է անազատության մեջ: