Հունիսի 17-ին Մցխեթայում կայացել է «Կովկասի ռիթմեր» պարի փառատոնը, որը կազմակերպել էր Վրաստանի պարարվեստի միությունը։ Ախալքալաքից փառատոնին մասնակցել են չորս պարային խմբեր։ Միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ այսուհետ Լամարա Քսպոյանը կլինի պարարվեստի միության Սամցխե-Ջավախթեիի կուրատորը (համադրողը)։

Փառատոնին Ախալքալաքի մշակույթի տնից մասնակցել են չորս պարախմբեր, 150 մասնակիցներով. «Ջավախք» անսամբլը, Օրջա, Բուղաշեն և Փոքր Սամսար գյուղերի պարային խմբերը։ Նրանք արժանացել են մեդալների և հավաստագրերի, մեդալներ են ստացել նաև պարուսույցները։

«Միջոցառման ընթացքում հայտարաեցին, որ Լամարա Քսպոյանն ըստ Պարարվեստի միության կոլեգիայի նիստի համաձայն՝ նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նախագահի տեղակալ և կուրատոր։ Այս կոչումն ինչ խոսք ավելացնում է Լամարայի պարտականությունները։ Բացի այն, որ պետք է շարունակի իր աշխատանքը մեր անսամբլների հետ, այլև պետք է աշխատի ողջ տարածաշրջանի պարային խմբերի հետ։ Կուրատորը պետք է համակարգի օլիմպիադաները, փառատոնները, ինքը պետք է տեղյակ լինի այդ ասպարեզում կատարվող անցուդարձից», – ասում է Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիք Քսպոյանը։

Հարկ է նշել, որ Լամարա Քսպոյանը 23 տարի է, ինչ «Ջավախք» անսամբլի պարուսույցն է։