Վենետիկի հանձնաժողովը հրապարակում է իր վերջնական եզրակացությունն «Ապաօլիգարխիզացիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ «Ապաօլիգարխացման մասին նման օրենսդրությունը կարող է վտանգավոր գործիք դառնալ իշխանությունների ձեռքում՝ քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար»,- կարծում են հանձնաժողովում և կոչ են անում չընդունել օրինագիծը։

Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս չընդունել օրենքի նախագիծը, և վրացական իշխանություններին օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարելու նպատակով մշակել ուղղիչ, լրացուցիչ օրենքներ և միջոցներ, որոնք ներառում են. մրցունակության արդյունավետ քաղաքականության իրականացում, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում ամենաբարձր մակարդակով, պետական գնումների թափանցիկություն, ԶԼՄ-ների բազմակարծության և լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկության ամրապնդում, փողի լվացման դեմ պայքարի քաղաքականության բարելավում՝ ներառյալ իրավաբանական անձանց և պայմանավորվածությունների թափանցիկությունը, քաղաքական կուսակցությունների և նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման և վերահսկողության մեխանիզմների առկա ընթացակարգերի ամրապնդում, հարկային օրենսդրության փոփոխություններ՝ հիմնական կարգավորող և վերահսկիչ մարմինների անկախության և արդյունավետության բարձրացում:

Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ վերոնշյալ համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է բարեփոխել դատական համակարգը, որն ուղղված կլինի նրա անկախությանը և անաչառությանը, այդ թվում՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի։

«Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ մասնավոր անձի ձեռքում տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքի վրա էական ազդեցության կենտրոնացման վտանգ կարող է լինել ցանկացած երկրում։ Երկրների մեծ մասը մշակել և իրականացրել է փոխկապակցված օրենսդրական, վարչական, տնտեսական և այլ միջոցառումներ՝ կանխելու այս համակենտրոնացման կործանարար ազդեցությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա: Այս համակարգված մոտեցման փոխարեն Վրաստանը որոշեց պայքարել օլիգարխացման կործանարար ազդեցության դեմ «անձնական մոտեցմամբ»՝ պատրաստելով ապաօլիգարխացման մասին օրենք։ Այս «անձնական մոտեցումը» միտված է մարդկանց ճանաչել որպես «օլիգարխներ»՝ ըստ որոշակի չափանիշների, ինչպիսիք են հարստությունը, լրատվամիջոցների տիրապետումը (և այլն), և սահմանում է մի շարք սահմանափակումներ։ Թեև վերանայված տարբերակը վերացնում է սահմանափակումների մեծ մասը, օրինագծի հնարավոր քաղաքական ներթափանցումը և դրույթների օգտագործումը շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել օրենքի գերակայության և քաղաքական բազմակարծության համար: Մենք գիտակցում ենք, որ օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարում համընդհանուր լուծում չկա, և առանձնահատուկ, ծայրահեղ կարևոր դեպքերում, օրինակ, երբ իշխանությունը տապալվում է, անձնական բնույթի արմատական որոշումները կարող են արդարացվել ժամանակավոր և արտակարգ հիմունքներով»,- ասվում է
փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ սա պետք է լրացում լինի «համակարգային մոտեցմանը», այլ ոչ թե այլընտրանք։

«Այս միջոցառումները պետք է մշակվեն՝ ամբողջովին պահպանելով քաղաքական բազմակարծության և օրենքի գերակայության չափանիշները, մասնավորապես՝ որոշումներ կայացնող մարմնի անկախության և օրենքի պատշաճ ընթացակարգերի ամուր երաշխիքներով: Ներկայումս օրինագիծը չի կարող դիտարկվել որպես ժողովրդավարական և արդյունավետ պատասխան։ Ապաօլիգարխացման մասին նման օրենսդրությունը կարող է վտանգավոր գործիք դառնալ իշխանությունների ձեռքում՝ քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար»,- ասվում է եզրակացության մեջ։