Եվրամիությունը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին ուսումնասիրում է իրավիճակն այն երկրներում, որոնք կարող են հիմք ստեղծել Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու։ ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին հայտարարել է, որ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որոնք «ստեղծում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու խնդիր»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել է, որ Ռուսաստանին հաջողվել է վերականգնել ներմուծման մակարդակը՝ պատժամիջոցները շրջանցելով, իսկ շրջանցման հնարավորություն են ստեղծում հինգ երկրներ՝ Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, պատերազմի համար կարևոր միկրոչիպերի և էլեկտրոնային սարքերի ներմուծումը Ռուսաստան` հասել է նախապատերազմական մակարդակին։
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա, որի առանցքային մտահոգությունը լինելու է պատժամիջոցների շրջանցման խնդիրը։ Մշակվում է նաև մեխանիզմ, որը թույլ կտա Բրյուսելին հնարավոր գործողություններ ձեռնարկել երրորդ երկրների դեմ, որոնք թույլ են տալիս շրջանցել պատժամիջոցները: