Պարենի համաշխարհային գները մայիսին սկսել են նվազել՝ ապրիլին գրանցված աննշան աճից հետո, այս մասին տեղեկություն է հրապարակել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ FAO-ն։
Պարենային ապրանքների գների ինդեքսը 2023 թվականի մայիսին կազմել է 124,3՝ ապրիլի համեմատ նվազելով 3,4 կետով (2,6%-ով անկումով), իսկ 2022 թվականի մարտին գրանցած ռեկորդային բարձր ցուցանիշից՝ 35,4 կետով (22,1%):
Հացահատիկի գների ինդեքսը մայիսին՝ ապրիլի համեմատ, նվազել է 4,8%-ով։ Տարեկան կտրվածքով անկումը կազմել է 25,3%։ Ցորենի համաշխարհային գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 3,5%-ով, ինչը «արտացոլում է գալիք սեզոնում համաշխարհային բավարար մատակարարումների հեռանկարները և Սևծովյան հացահատիկի նախաձեռնության երկարաձգումը»։ Եգիպտացորենի համաշխարհային գները մայիսին նվազել են 9,8%-ով, գարունը և սորգոյինը՝ համապատասխանաբար 9,5%-ով և 9,7%-ով։ Միևնույն ժամանակ բրնձի համաշխարհային գները մայիսին շարունակել են աճել։
Բուսական յուղի գների ինդեքսը մայիսին ամսական կտրվածքով նվազել է 8,7%-ով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 48,2%-ով։ Ինդեքսի շարունակական անկումն արտացոլում է արմավենու, սոյայի, ռապսի և արևածաղկի ձեթերի համաշխարհային գների անկումը, ասվում է հաղորդագրությունում։
Կաթնամթերքի գների ինդեքսը նախորդ ամիս ապրիլի համեմատ նվազել է 3,2%-ով, իսկ 2022 թվականի մայիսի համեմատ՝ 17,7%-ով: Մայիսին անկումը պայմանավորված էր պանրի համաշխարհային գների կտրուկ անկմամբ՝ հիմնականում պայմանավորված արտահանման մեծ պաշարների առկայությամբ, այդ թվում՝ հյուսիսային կիսագնդում կաթի սեզոնային բարձր արտադրության ֆոնին, պարզաբանում է FAO-ն:
Մսի գների ինդեքսը մայիսին աճել է 1%-ով, ինչը չորրորդ անընդմեջ ամսական աճն է համարվում։ Բայց անցած տարվա մայիսի համեմատ այն 4,1%-ով ցածր է եղել։
«Թռչնամսի համաշխարհային գները մայիսին շարունակել են աճել՝ պայմանավորված ներմուծման շարունակական մեծ պահանջարկով, հատկապես Ասիայում, և որոշ մտահոգությունների առումով՝ թռչնագրիպի համատարած բռնկումներով պայմանավորված կարճաժամկետ մատակարարման խնդիրների հետ կապված», – ասվում է զեկույցում:
Տավարի մսի համաշխարհային գներն աննշան բարձրացել են: Խոզի մսի գների աճը, որը շարունակվում է չորրորդ ամիսն անընդմեջ, կապված է մատակարարման սահմանափակումների հետ, որոնք պայմանավորված են արտադրության բարձր ծախսատարությամբ և կենդանիների հիվանդություններով։ Գառան մսի համաշխարհային գները նվազել են Օվկիանիայից բարձր արտահանողական հասանելիության պատճառով:
Շաքարավազի գնի ինդեքսը մայիսին՝ ապրիլի համեմատ, աճել է 5,5%-ով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 30,9%։ Գներն աճում են արդեն չորրորդ ամիսն անընդմեջ: Սա աճող մտահոգությունների արդյունք էր առ այն, թե ինչպես կարող է Էլ-Նինյոյի իրադարձությունների զարգացումը ազդել 2023/2024 թվականների բերքի վրա, ինչպես նաև կապված է համաշխարհային պաշարների ավելի ցածր մակարդակի հետ, քան նախկինում սպասվում էր:
FAO-ի պարենային ապրանքների գների ինդեքսը միջին կշռված ցուցանիշ է, որը հետևում է պարենային ապրանքների հինգ հիմնական խմբերի միջազգային գների դինամիկան: