Ջավախքում երիտասարդ աղջիկները ոչ միայն ընդունում, այլև ընտրում են ճարտարապետությունը որպես մասնագիտություն՝ հակասելով հասարակության չգրված նորմերին:
Տղամարդկանց կողմից պատմականորեն գերակշռող այս ոլորտն այժմ նկատելի փոփոխության է ենթարկվում, քանի որ ավելի ու ավելի շատ երիտասարդ աղջիկներ մասնագիտանում են հենց ճարտարապետության ոլորտում:
«Միշտ սիրել եմ արվեստը ու հետաքրքրվել դրանով: Դպրոցական տարիներին չէի կողմնորոշվում կոնկրետ ինչ մասնագիտություն ընտրել։ Քննարկվող տարբերակներն էին՝ հագուստի մոդելավորում, թվային մեդիա, դիզայներ և ճարտարապետություն։ Երկար մտածելուց հետո, որպես ապագա մասնագիություն ընտրեցի ճարտարապետությունը։ Իսկ որպես հոբբի շատ եմ սիրում նկարել, չնայած նկարչությունն ինձ համար ոչ միայն սիրած զվաղմունք է, այլ նաև հոգու հանգստություն և չնայած այսքան զբաղվածությանս, ես չեմ դադարում նկարել և խորանալ նաև այս ոլորտում», — ասում է 18-ամյա Հասմիկ Պետրոսյանը:
Լուսանկարում՝ Հասմիկ Պետրոսյանն է
Անցել են այն ժամանակները, երբ մասնագիտությունները սահմանափակվում էին գենդերային կարծրատիպերի սահմաններով: Հիմա երիտասարդ աղջիկները խիզախորեն ճանապարհ են հարթում չենթարկվելով հասարակության պարտադրանքին:
«Չնայած նրան, որ ընտրածս մասնագիության հետ շատ կարծրատիպեր են եղել (օրինակ՝ ճարտարապետությունը տղայի մասնագիտություն է, եթե այն սովորես պետք է դառնաս շինարար): Ճարտարապետությունը որպես մասնագիտություն ընտրելն ինձ թույլ է տալիս հակահարված տալ թյուր պատկերացումներին: Հետամուտ լինելով իմ ցանկություններին՝ ես իրավունք ունեմ ցույց տալու, որ նվիրվածությունն ու ստեղծագործական ունակությունները չեն սահմանափակվում սեռով: Իմ աշխատանքի միջոցով, ես հուսով եմ, կոգեշնչեմ ուրիշներին, հատկապես երիտասարդ աղջիկներին, անվախորեն հետևել իրենց ձգտումներին», — ընդգծում է Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղից Հասմիկ Պետրոսյանը, ով ուսանում է Թբիլիսիի պետական արվեստի ակադեմիայում։
Ճարտարապետության ապագան ավելի պայծառ է թվում, քան երբևէ, երբ երիտասարդ աղջիկներն ընդունվում են համալսարաններ՝ իրենց հետ բերելով թարմ հեռանկարներ և նորարարական գաղափարներ: Դա վկայում է անհատականությունն ընդունելու կարողության մասին:
«Ճարտարապետությունը «տղայի մասնագիտություն» է, այս կարծրատիպը պահպանվել է շատ երկար և ինձ թվում է դեռ երկար էլ կպահպանվի։ Այնուամենայնիվ, ես ընտրել եմ և պարտավորվում եմ դիմակայել դժվարություններին: Եկեք միասին մարտահրավեր նետենք կարծրատիպերին, որոնք մեզ միայն խանգարելու են, ընդունենք բազմազանությունը և ընտրենք մասնագիտություն, որտեղ գերիշխում է տաղանդը, աշխատասիրությունը և նվիրվածությունը, այլ ոչ թե գենդերային կարծրատիպերը», — ասում է Ծալկայի շրչանի Օզնի գյուղից Շողիկ Գուբասարյանը, ով սովորում է նախապատրաստական կուրսում:
Լուսանկարում՝ Շողիկ Գումբասարյանն է
Այս փոփոխությունը խթանող հիմնական գործոններից մեկը ճարտարապետական դիզայնի մեջ կանանց տաղանդների և կարողությունների աճող ճանաչումն է: Նոր սերունդը ոգեշնչվելով պատմության մեջ հաջողակ կին ճարտարապետների օրնակներով էլ ավելի մեծ ցանկություն են հայտնում շարունակելու այս ուղին։
«Պատմության ընթացքում բացառիկ կին ճարտարապետների ձեռքբերումները, ինչպիսիք են Զահա Հադիդը, Կազույո Սեջիման և Ժաննա Գանգը, ոգեշնչման փարոսներ են: Նրանց ձեռքբերումները մեզ հիշեցնում են, որ տաղանդը սահմաններ չի ճանաչում: Ընտրելով ճարտարապետությունը՝ ես հարգում եմ նրանց ժառանգությունը և ձգտում եմ իմ սեփական հետքը թողնել մասնագիտության մեջ», — եզրափակում է 19-ամյա Շողիկ Գուբասարյանը:
Շողիկ Գումբասարյանի աշխատանքներից
Ժաննա Չոգանդարյան