Ախալքալաքի մունիցիպալիտետից Ռադիկ Եզոյանը նշանակվել է Սամցխե-Ջավախքում Վրաստանի պարարվեստի միության նախագահի տեղակալ։
Այդ որոշումը անսպասելի և միաժամանակ հաճելի է եղել Ռադիկի համար, ինչը հիմա նրան էլ ավելի է պարտավորեցնում ավելի քրտնաջան աշխատելու և կրկնակի լավ արդյունքներ ցույց տալու համար։
«Մենք Թբիլիսիում մի քանի անգամ եղել ենք պարարվեստի միության կազմակերպած փառատոններին: Նրանք տեսել էին մեր կատարած աշխատանքը, թե ինչ որակի պարեր ենք ցուցադրում, ու ինչքան շատ էր ակտիվությունը։ Նրանք ինձ զանգահարեցին ու ասացին, որ Ախալցիխեում կկայանա ժողով, և ուզում են, որ ես ներկա լինեմ, որի ժամանակ էլ ասացին, որ ուզում են, որ դառնամ պարարվեստի միության անդամ», – պատմում է Ռադիկը։
Հանդիպմանը քննակվել է, թե ո՞վ և ի՞նչ պաշտոն պետք է ստանձնի։ Ժողովի ընթացքում ընտրել են Վրաստանի պարարվեստի միության Սամցխե-Ջավախքի նախագահին՝ Սամսոն Մենաբդիշվիլիին և նրա երկու տեղակալներին։ 11 մասնակիցներից նախագահի տեղակալ են ընտրել Ռադիկ Եզոյանին և մի աղջկա՝ Ասպինձայից։
Ռադիկը գիտակցում է, այս պաշտոնը ստանձնելիս պետք է լինի էլ ավելի ակտիվ, կազմակերպի տարբեր միջոցառումներ և զարգացնի պարարվեստը Սամցխե Ջավախքում։
«Ըստ իս, ինձ ընտրեցին, որպես Հայաստանի հետ կապի ստեղծման միջոց, ծանոթանալու երկու երկրների մշակույթին։ Թբիլիսիից պետք է գան խմբեր, որպեսզի այստեղ մաստեր կլասներ անցկացնենք, ուզում ենք փառատոններ կազմակերպել, որին նաև պետք է հրավիրվեն Հայաստանից հյուր»,- ասում է Ռադիկը։
Ռադիկը նշում է՝ այս պաշտոնում լինելըն իր համար կարևոր է, քանի որ մեծ ցանկություն ունի Ջավախքում զարգացնել նաև վրացական պարը։ Ինչպես նաև նրան հնարավորություն է տալիս Ջավախքում ունենալու իր դերակատարությունը, կազմակերպել միջոցառումեր, որի ընթացքում էլ միությունը նրան կօգնի։
Ռադիկը 8 տարուց ավել է դասավանդում է տարբեր պարեր, սակայն պարել սկսել է վեց տարեկանից։ Սկզբում պարել է գյուղում, այնուհետև տեղափոխվել է Ախալքալաքի մշակույթի տուն՝ Լամառա Քսպոյանի մոտ։ Դպրոցից հետո կրթությունը շարունակել է Երևանի թատերական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում, զուգահեռ պարել է Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական պարի համույթում։ Ավարտելուց հետո վերադարձել է Ախալքալաք և բացել մշակութային կենտրոն, որտեղ էլ ունի մոտավոր 130-150 աշակերտ։ Ինչպես նաև դասավանդում է Գումբուրդոյում։ Խմբեր է ունեցել նաև Դիլիսկա և Գոման գյուղերում, սակայն այնտեղ դասավանդում է միայն ամառան ամիսներին, պայմանների բացակայության պատճառով:
Ռադիկի ամենամեծ նպատակն այն է, որ առաջնահերթ Ջավախքում փոքրից մեծը զբաղվի պարով և պահեն իրենց մշակույթը։
«Ես ուզում եմ, որ մեր մոտ բոլորն իմանան պարը ու ներկայացնեն այն տարբեր երկրներում։ Հիմա Գումբուրդոյի խումբս պետք է հանդես գա Բուլղարիայում, հուլիս ամսին։ Եվ ամենակարևոր նպատակս է, որ մեր Ջավախքի երիտասարներն այս միջոցով դուրս գան այլ երկրներ, ինչ-որ բան տեսնեն», – հավելում է պարուսույցը։
Ռադիկին ուժ տվողն իր աշակերտներն են։
«Ինձ ամենաշատն ուժ է տալիս իմ աշակերտների լավ ելույթը, երբ նրանց ելույթից հետո հանդիսատեսը գովեստի խոսքեր է ասում։ Դրանից իմ մոտիվացիան ավելի է շատանում, որ ավելի շատ գործ անեմ և հանդիսատեսի գնահատականին արժանանամ։ Իմ գիտելիքները փոխացեմ իմ երեխաներին»,- նշում է Ռադիկ Եզոյանը։
Վերջինս շեշտում է՝ պարարվեստի ոլորտի դժվարություններից գլխավորն Ախալքալաքում այն է, որ տղաները հիմնականում չեն գնում պարի, մեծ մասը աղջիկներն են։
«Կա հասկացողություն, որ տղաները չպետք է գնան պարի, այդ կարծրատիպը պետք է կոտրել։ Եթե մենք ունենանք շատ տղաներ պարարվեստի ասպարեզում մեր բեմադրություններն ավելի ճոխ ու ավելի գեղեցիկ կլինեն», – ասում է Ռադիկը։
Ռադիկը սովորեցնելու ընթացքում նաև սովորում է, հիմա ցանկանում է ժամանակ գտնել, որ գնա Թբիլիսի, որպեսզի իր գիտելիքներն ու հմտությունները խորացնի վրացական պարերի ուղղությամբ։ Կարևորում է, որ մարդիկ սիրեն այն գործը, ինչով իրենք են զբաղվում, այդ դեպքում ամեն ինչ կստացվի: