Լաշա Արսենիձե, Լալի Մորոշկինա, Էմզար Կվիցիանի, Իռա Գոգոսաշվիլի… սրանք այն մարդկանց անուններն են, որոնց կողմից Վրաստանում վերջին մեկ ամսում հակահայկական և արմենոֆոբիա պարունակող հրապարակումներ տարածվեցին սոցիալական տարբեր հարթակներում, որը լայն տարածում գտավ հայկական ու վրացական մեդիա տիրույթում:

Ամեն ինչ սկսվեց մայիսի 14-ին Լաշա Արսենիձեի «Տիկ-Տոկ»-յան տեսահոլովակից, որին հաջորդեց մայիսի 23-ին Լալի Մորոշկինայի ելույթը Alt-Info-ի եթերում: Այլատյացություն, ատելություն պարունակող հայտարարությունները վերջին շրջանում Վրաստանում պարբերական բնույթ են կրում:

Թերևս ամենաուշագրավը մոտ 45 հազար հետևորդ ունեցող Լիդերի 41 անունը կրող ֆեսբուքյան էջն է, որն ըստ երևութին պատկանում է «Վրացական երազանք» կուսակցությանը: Օրեր առաջ այդ էջուվ ևս տարածվեց Աբխազիայում ապրող հայերին թիրախավորող հայտարարություն: Չուշացավ հասարակության տարբեր շերտերի տարաբնույթ արձագանքները:

Jnews-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը պարզաբանում է կատարվածը, տալով իր մեկնաբանությունը:

Գիորգին նշում է՝ վերջին 10 տարում ակտիվ հետևում և արձագանքում է Վրաստանում հայատյացության բոլոր դեպքերին: Նրա խոսքով վերջին դեպքերի միջև հստակ նմանություններ կան, այդ մարդիկ հիմնականում ռուսամետ քաղաքականությունով և դիրքորոշումով են առանձնանում, բոլորը ոչ ֆորմալ կապեր ունեն իշխանությունների հետ: Այդ տեղեկատվությունները տարածող՝ TV Imedi-ն, Alt-Info-ն և PosTV-ն ոչ միայն ռուսամետ, այլ նաև իշխանական հեռուստաընկերություններ են, ինչը հնարավորություն է տալիս ասելու, որ այդ քայլերը պրոռուսական նարատիվներ են կրում:

Ի՞նչ հետագա զարգացումների սպասենք, արդյո՞ք ապագայում ևս կլինեն նմանատիպ փորձեր:

«Հայատյացության կեղծ տեղեկությունները միշտ են տարածվում: Այս թեման միշտ է ակտուալ, իսկ մայիս ամսին կտրուկ աճը հնարավորություն է տալիս ապագայում ևս սպասել նմանատիպ գործողությունների: Վրաստանի ներկայիս իշխանությունը շեղվել է եվրոպական ճանապարհից, որը մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության երաշխիք է, և այդ ամենի հետ մեկտեղ տեսնում ենք նրանց կողմից ազգայնական և ռուսամետ ուժեր ստեղծելու, կրոնական թեմաներով սպեկուլացիաներ անելու գործընթաց: Չմոռանանք նաև, որ վարչապետ Ղարիբաշվիլին հայկական եկեղեցին անվանել էր Գրիգորյանական: Այս պայմաններում կարևոր է զգույշ լինել, հետևել գործընթացներին և չտրվել մանիպուլացիաներին՝ հասկանալով, որ երկու ազգերի միջև լարվածությունը ձեռնտու է միայն ռուսական կողմին՝ոչ ժողովրդավարական Ռուսաստանին ինչպես նաև Ադրբեջանին Թուրքիայի հետ միասին»:

Հետևելով այդ գրառումներին ինչպիսի՞ն է վրաց հասարակության արձագանքը:

«Ես կարող եմ հստակ ասել, որ հայատյացությունը վրաց հասարակությունից չի գալիս, այն կոնֆլիկտ առաջացնելու նպատակով հիբրիդային պատերազմի մեթոդ է, որը օգտագործում են Վրաստանի ամբողջ հասարակության դեմ, այսինքն՝ այն ուղղված էր վրացիների ու հայերի դեմ»:

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ համայնքի ներկայացուցիչներին, այսպիսի իրավիճակներում ինչպե՞ս գրագետ իրենց դրսևորեն:

«Առաջինը՝ չտրվել որևէ պրովոկացիայի, երբ Վրաստանը վերադառնա եվրոպական ճանապարհին այդ պրովոկատորներն անպայման պատժվելու են, քանի որ, նմանատիպ քայլերը Վրաստանի պետականությանն ու անվտանգությանը մեծ սպառնալիք են ներկայացնում: Երկրորդը շարունակեն և պինդ պահեն հայ-վրացական կապերը, որովհետև մենք դարերով միասին ստեղծել ենք այնպիսի կապեր, որոնք շատ պինդ են, ես համոզված եմ, որ մեր երկու երկրների ապագան եվրոպական է, որը բանալին է մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կրթության: Հարկ է նշել, որ շատ հաճախ հենց կրթության պակասից է գալիս հասարակության մեջ հայատյացության գաղափարները»:

111

11

Jnews-ը զրուցել է նաև ԹՊՀ-ի պրոֆեսոր, հայագետ, ինչպես նաև Էթնիկական և կրոնական հարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավայի հետ, ով իր հերթին հույս է հայտնել, որ այս ամենը միտումնավոր չի արվում:

«Մեր տարածաշրջանում այնքան հետաքրքրություններ են հավաքվում, որ բացառված չէ, որ որոշակի ուժեր՝ ի դեմս մեր պատմական թշնամու՝ Ռուսաստանի, ամեն ինչ անում են, որ Կովկասում կորցրած իշխանությունը պահպանեն: Ներկայիս քաղաքական իրավիճակը վերլուծելով հստակ կարող ենք ասել, որ մեր տարածաշրջանում նրա դերը հետզհետե նվազում է, և անհրաժեշտ է դիմադրության նոր հանգույց, որը կօգնի Ռուսաստանին պահպանել իր ազդեցությունը: Ինչ վերաբերվում է տարածված հայտարարություններին, ես մտածում եմ, որ դա խոսում է կոնկրետ այդ անձանց ներքին կուլտուրայի և կրթվածության բացակայության մասին»:

Խոսելով առհասարակ Վրաստանում առկա արմենոֆոբիայի մասին, տիկին Լելան նշում է, որ հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրելով երկու ազգերի մեջ, ցավոք, միմյանց պատմության, մշակույթի և հասարակական տեղեկատվության պակաս կա, ինչն իր հերթին առաջացնում է տարբեր կարծրատիպեր և հակահայկական կամ հակավրացական գաղափարներ: Եվ դրանից օգտվում են այն ուժերը, ովքեր իրենց հեգեմոնությունն են ուզում ամրացնել մեր տարածաշրջանում:

«Ցավով պետք է նշեմ, որ երկու երկրների հարաբերություններն այսօր էլ այն մակարդակի վրա չեն, որը կբացառեր կարծրատիպային վերաբերմունքը: Այս իրավիճակում ինձ ուրախացնում են Հայաստանում և Վրաստանում ապրող երիտասարդները, ովքեր ապրում և միմյանց հետ կապ են հաստատում առանց կարծրատիպերի», – ասում է հայագետ Լելա Ջեջելավան:

«Հայաստան և հայեր» ֆեյսբուքյան խմբի ստեղծող Դավիթ Գուլիկյանը խմբում գրառում է կատարել.

222222

«Որպես այս խմբի ստեղծող և հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ ուզում եմ արձագանքել մայիս ամսին նախատեսված հակապետական ​​և հակահայկական արշավին։ Դիմում եմ Վրաստանի բոլոր քաղաքացիներին, մի՛ հետևեք այս ծրագրված սադրանքին, այս ամենը միտված է բոլոր առկա մակարդակներում վրացիների և հայերի առճակատմանը։ Դրանցից ամենավտանգավորը կենցաղային մակարդակում առճակատումն է։ Դիմում եմ բոլոր կազմակերպություններին, քաղաքական գործիչներին, լրագրողներին, շարքային քաղաքացիներին, բոլորին, ովքեր կարող են ձայն տալ Վրաստանի քաղաքացիներին: Զգուշացրեք նրանց այս ծրագրված սադրանքի մասին, թույլ չտալ, որ մենք առերեսվենք միմյանց հետ։ Հավանականություն կա, որ այս սադրանքները կշարունակվեն նաև հունիս ամսին։ Գուցե այլ, ավելի վտանգավոր ձևերով։ Պատրաստ եղեք և մի հետևեք սադրանքներին։ Հուսով եմ, որ Վրաստանի ՆԳՆ-ն կհետաքրքրվի նշված հարցով»: