Երեկ՝ մայիսի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա։
«Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է», – փոխանցում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինքնակամ Երևանի քաղաքի վարչական Մալաթիայի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Հ.Մ և հայտնել, որ ժամը 23:20-ի սահմաներում իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից 7 անգամ կրակել և սպանել է Դ. Թամարյանին, և որ կասկածյալը շատ լավ իմացել է՝ և հասցեն, և անուն ազգանունը»:
Jnews-ը որոշեց պարզել հանրության շրջանում լայն տարածում գտած այս սպանության մանրամասները: Հայաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության մեջ ասվում է, որ սպանված երիտասարդն Ախալքալաքի շրջանից է: Սակայն մենք պարզել ենք, որ սպանված 18-ամյա Դավիթ Թամարյանը, ինչպես նաև սպանության մեջ մեղադրվող Հ.Մ.-ն Ծալկայի շրջանից են:
Տարիներ առաջ երկու ընտանիքները վատ հարաբերություներ են ունեցել, որը վերածվել է վիճաբանության և ավարտվել սպանությամբ: Հերթական վիճաբանություներից մեկի ժամանակ սպանված Դավիթ Թամարյանի հայրն ատրճանակով, «ոչ դիտավորյալ» սպանել է սպանության մեջ մեղադրվող Հ.Մ-ի եղբորը: Այդ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին Ծալկայի շրջանի Նարդևան գյուղում: Սպանությունից հետո Թամարյանների ընտանիքը բնակություն է հաստատել Երևան քաղաքում, ինչ-որ չափով սպանվածի ընտանիքից հեռու գտնվելու նպատակով: Սպանվածի եղայրը որոշել է վրեժ լուծել և երեկ Երևան քաղաքում սպանել է եղբորը սպանողի 18-ամյա որդուն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: