Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսթավիի բնակչին կանխամտածված սպանելու մեղադրանքով երկու անձի է ձերբակալել։

26-ամյա Գիորգի Միրզաշվիլին սպանվել է այս տարվա հունվարին, սակայն նրա մարմինը հայտնաբերվել է միայն մայիսին՝ չորս ամիս անց:

Այս ամբողջ ընթացքում նրա ընտանիքն ու ընկերները սպանվածի հեռախոսից SMS հաղորդագրություններ էին ստանում, որ նրա հետ ամեն ինչ կարգին է. դրանք ուղարկել են երիտասարդին սպանողները՝ փորձելով հետաձգել որոնումները։ Սպանվածի մորը գրել են վանք տեղափոխվելու մասին, որ կարիք չկա նրան փնտրել։

Արդյունքում ոստիկանությունը միայն մայիսի 22-ին է իմացել, որ երիտասարդը անհետ կորել է։

Հետաքննությամբ պարզվել է, որ նրա երկու ծանոթները, որոնցից մեկը մի քանի անգամ դատապարտված է եղել, երիտասարդին տարել են Գուրջաանիի մունիցիպալիտետի Վելիսցիխե գյուղ։ Վիճաբանության ժամանակ նրանք սպանել են, իսկ դիակը թաքցրել են լքված ջրհորում և բետոն են լցրել վրան։

Ամբաստանյալներին սպառնում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։