Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձն է:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
«1918 թվականի այս օրը հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ կառավարման հանրապետական կարգով պետություն ստեղծեց: Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին», – Սարդարապատից հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս դարակազմիկ իրադարձությունը տեղի ունեցավ կայսրությունների փլուզման, նոր կայսրության և աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ մեր ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում կարողացավ ապացուցել ապրելու իր իրավունքը:
Բայց Առաջին Հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ […], չհասցրեց ինքն իրեն դիրքավորել որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ու երջանկության միջոց, որովհետև, ըստ էության, խաղաղության և ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: Սովը, ցեղասպանությունից մազապուրծ գաղթականությունը, ներքին խժդժությունները, տնտեսության, պետական ինստիտուտների, պետականության մշակույթի բազմադարյա բացակայությունը, արտաքին ազդեցությունը, պատերազմը՝ Առաջին Հանրապետության անկման պատճառ դարձան», – նշել է Փաշինյանն իր ուղերձում, որ տարածել է վարչապետի աշխատակազմի լրատվականը:
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որ տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է.
«Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։
Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը։
Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչվենք և գոտեպնդվենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնենք ազգային մեր միաբանությունը։ Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը»։