Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կայացավ «Ճանաչի՛ր երկիրը քո և ժողովրդին քո» մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվեց բանավեճ-քննարկումների ձևաչափով։ Մասնակցում էին չորս մունիցիպալիտետների երիտասարդներ՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցիխեից և Ծալկայից։

Վրաստանի Հայ օգնության միության (ՎՀՕՄ) վարչությունն այս օրերին անցկացնում է մրցույթ իր ավանդական կրթական ծրագրերի շարքից՝ «Ճանաչի՛ր երկիրը քո և ժողովրդին քո» կարգախոսով։ Մրցույթն անցկացվում է բանավեճ-քննարկումների ձևաչափով։

Ախալցիխեի, Ծալկայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններում անցկացվել են մարզային փուլեր, որոնց արդյունքում 137 մասնակիցներից եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել են 16-ը։

«Այստեղ գլխավորը տրամաբանության գնահատումն էր, հաղթանակը ոչ թե թիմային էր, այլ անձնային, ունենք մրցանակային տեղեր, բայց բոլոր մասնակիցների համար կազմակերպվելու է ճանաչողական էքսկուրսիա դեպի Թբիլիսի»,- ասաց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Հովհաննես Թումանյանի տուն թանգարան էքսկուրսիայի ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխություն, որտեղ մասնակիցներին և հաղթողներին կպարգևատրեն հավաստագրերով, պատվոգրերով և հուշանվերներով։

IMG_9801

IMG_9828

IMG_9840

IMG_9841