Այսօր Վրաստանը նշում է իր գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը։
Այս տարի կարգախոսն է՝ «Ազատության սիրով»։ Քաղաքի կենտրոնը կարմիր և սպիտակ է՝ Վրաստանի ազգային դրոշի գույներով։
Երկրում հանգստյան օր է։ Լայնածավալ տոնական միջոցառումներ կանցկացվեն Վրաստանի բոլոր շրջաններում, սակայն հիմնական մասը ծրագրված է մայրաքաղաքում։
Ուղիղ 105 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի դեմոկրատական կառավարությունը՝ Նոե Ժորդանիայի գլխավորությամբ, հռչակեց երկրի անկախությունը Ռուսական կայսրությունից, որի կազմում Վրաց թագավորությունը գտնվում էր ХIХ դարից։
Առաջին դեմոկրատական հանրապետությունը երկար չգոյատևեց՝ ընդամենը երկուսուկես տարի, որից հետո այն խորհրդայնացվեց։ Խորհրդային Միության փլուզման ֆոնին 1991 թվականին Վրաստանը կրկին հռչակեց իր անկախությունը 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության հռչակագրի հիման վրա։
1991 թվականից Վրաստանը մայիսի 26-ը նշում է որպես Անկախության օր, այս տարի դա կնշվի արդեն 32-րդ անգամ։
Այս տարի քաղաքը զարդարելու համար օգտագործվել է միայն Վրաստանի ազգային դրոշի սիմվոլիկան, ի տարբերություն նախորդ տարվա, երբ զարդարման տարր էր նաև Եվրամիության դրոշը։ Իշխանությունները դա բացատրել են տոնի գլխավոր կարգախոսի ամենամյա փոփոխությամբ։ Ընդդիմությունը, սակայն, մեղադրում է իշխանությանը եվրոպական ուղեծիրը փոխելու փորձի մեջ և օրվա ընթացքում ԵՄ-ի և Վրաստանի դրոշներով Ռուսթավելի պողոտայով քայլերթերի մասին է հայտարարել։
Տոնական ծրագիր
Թբիլիսիի կենտրոնն ավանդաբար կվերածվի մեծ ցուցահանդեսային տարածքի: Ռուսթավելի պողոտան այս օրը հասանելի է միայն հետիոտների համար։
Պողոտայի ողջ երկայնքով ողջ օրվա ընթացքում կանցկացվեն ժողովրդական տոնախմբություններ, տարբեր ցուցահանդեսներ և համերգներ։