Այս տարի Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին, Վրաստանի խորհրդարանի շենքի վրա չի լինի ԵՄ մեծ դրոշը, ինչն էլ քննարկման թեմա է դարձել։
Վրաստանի կառավարությունը դա բացատրել է ավանդապես տոնի գլխավոր կարգախոսի ամենամյա փոփոխմամբ։
Անցյալ տարի մայիսի 26-ի ուղերձը «Դեպի Եվրոպա»-ն էր, և ԵՄ դրոշը հիմնական տարրերից մեկն էր, իսկ այս տարի հիմնական կարգախոսն է՝ «Հանո՛ւն ազատության», և, այդ պատճառով քաղաքը զարդարվել է միայն Վրաստանի ազգային դրոշի խորհրդանիշներով։
Սոցցանցերում բուռն քննարկումներ են ընթանում: Իշխանությունների հանդեպ քննադատաբար տրամադրված օգտատերերը Վրաստանի Անկախության օրվա ընթացքում ԵՄ դրոշի բացակայությունը կապում են կառավարության արտաքին քաղաքականության փոփոխության հետ, նշում է Netgazeti-ն։
Պատմաբան Լաշա Բաքրաձեն Թբիլիսիի բնակիչներին հորդորել է ֆլեշմոբ անցկացնել՝ մայիսի 26-ին իրենց բնակարանների պատշգամբներից և պատուհաններից կախել երկու դրոշ՝ Վրաստանի և Եվրամիության։
«Տալղա» շարժումը մայիսի 26-ին հանրահավաք է հայտարարել՝ կոչ անելով ժամը 10:30-ին Վրաստանի և Եվրամիության դրոշներով հավաքվել Ռուսթավելիի հուշարձանի մոտ և քայլերթ կազմակերպել դեպի խորհրդարան։
Մեկ այլ ակցիա՝ ժամը 15:00-ին, հայտարարել է ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը։ Վրաստանի եւ Եվրամիության դրոշներով երթը Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից կշարժվի դեպի խորհրդարանի շենք։
Նշենք, որ Ախալքալաքում այս տարի քաղաքի զարդարանքներում նույնպես չկան ԵՄ դրոշներ, թեպետ անցյալ տարի դրանք եղել են։