Ախալքալաքի մունիցիպալիտետում, չնայած մշտական անձրևներին և ցուրտ եղանակին, ֆերմերների մեծ մասն արդեն ավարտում է կարտոֆիլի ցանքը, իսկ ոմանք նոր են սկսում։ Գյուղատնտեսության Ախալքալաքի Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնը դեռ տվյալներ չունի ցանված կարտոֆիլի ցանքատարածությունների մասին։

Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի ցանքսն ավարտական փուլում է: Եղանակային պայմանների պատճառով ցանքն ուշանում է միայն Մեծ Սամսար և Փոքր Սամսար գյուղերում։

Փոքր Սամսար գյուղից Մուշեղ Ավագյանն ասում է, որ իրենց գյուղում կարտոֆիլի ցանքը դեռ չի սկսվել։

«Դեռ մասսայական ցանքսը չենք սկսել, հողը խոնավ է, չնայած ոմանք արդեն քիչ-քիչ սկսել են ցանել, այս տարի ցանելու եմ այնքան, որքան և անցյալ տարի՝ 2 հա»,- ասում է Մուշեղ Ավագյանը։

Ազավրեթ գյուղից Բագրատ Զաքարյանն այս տարի այնքան է ցանել, որքան և նախորդ տարի: Ազավրեթ գյուղում կարտոֆիլի ցանքսն արդեն ավարտվել է։ Ըստ Զաքարյանի, եթե ինչ-որ մեկը շատացրել է կարտոֆիլի դաշտերը, ապա՝ ոչ այդքան շատ:

«Գրեթե բոլորս ավարտել ենք ցանել: Ես չեմ ավարտել, դեռ ունեմ, բայց այս տարի ցանքատարածությունները քչացրել եմ, պարզապես չեմ կարող այդքանը մշակել»,- ասաց Էխտիլա գյուղից Արտավազդ Դարբինյանը։

Մոդեգամ գյուղից Արամայիս Չախալյանն ասում է.

«Գրեթե վերջացել ենք: Ես կարտոֆիլի դաշտերը քչացրել եմ, անցյալ տարի 2 հեկտար էի ցանել, այս տարի՝ 1 հա: Իմաստ չեմ տեսնում: Սերմացուն թանկ ենք առնում, կարտոֆիլը 60 թեթրիով ենք վաճառում: Ես շահույթ չեմ ստացել, ես տեխնիկա ունեմ, իմ համար ձեռնտու չէ, իսկ ինչ ասեն ուրիշները: Ամեն ինչ թանկացել է, բացի կարտոֆիլից: Մենք պայմաններ չունենք, ոռոգման ջուր չկա, ճանապարհ չկա, որպեսզի գնորդները գան: Կարծում եմ արդեն բոլորը քչացնում են կարտոֆիլի դաշտերը»,- ասաց Արամայիս Չախալյանը։

Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանը կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացրել է իր նախորդ տարվա կարտոֆիլը չվաճառելու պատճառով.

«Մենք արդեն ավարտել ենք կարտոֆիլի ցանքը, անցած տարի 3 հեկտար էի ցանել, այս տարի՝ 5 հա: Կարտոֆիլը չկարողացանք վաճառել դրա համար ցանել ենք, բա ինչ անեինք, հո չէինք թափելու, բայց ասում են վերջի 2 օրերս գնորդներ են գալիս»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։