Մայիսի 20-ին Արսեն Կարապետյանն ընտրվել է Ախալքալաքի «Միացյալ ազգային շարժում» տարածքային կազմակերպության ղեկավար, մինչ այդ բջիջը ղեկավարում էր Մելիք Ռայիսյանը, ով ընտրությունները գնահատել է անարդար։ Jnews-ը Մելիք Ռայիսյանի հետ զրուցել է վերջին ընտրությունների մասին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության տեղական կառույցի նախկին ղեկավար Արսեն Կարապետյանը և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տեղական կառույցի նախկին ղեկավար Մելիք Ռայիսյանը հավակնում էին «ՄԱՇ» տեղական բջջի ղեկավարի պաշտոնի համար։

Արսեն Կարապետյանին 752 ընտրողներից աջակցել է 351-ը, իսկ Մելիք Ռայիսյանը ստացել է 7 ձայն։ Ընտրությունների ժամանակ Մելիք Ռայիսյանը մի շարք հայտարարություններ է արել ճեպազրույցի ժամանակ, որտեղ տեղական ԶԼՄ-ները հրավիրված չէին։

Դուք նախապես գիտեի՞ք ընտրությունների մասին, որ ընդդիմախոս եք ունենալու, և ինչպե՞ս եք Դուք նախապատրաստվել։

– Ընտրությունների մասին իմացա մայիսի սկզբին։ Ինձ ասացին, որ պետք է ընտրություններ անցկացնել, ես պատասխանեցի, որ լավ, թող ընտրություններ լինեն։ Ես գրանցվեցի։ Ես ասացի՝ եթե ուրիշ թեկնածու ունենաք, կքննարկենք, և ես իմ թեկնածությունը չեմ առաջադրի։ Կուսակցության ներսում գործընթացներ են տեղի ունենում: Կուսակցությունում ընդդիմություն խոսքն այլեւս չի գործում, պարզ է, որ համաձայնության են գնացել: Դա անելու համար պետք չէ պրոֆեսիոնալ լինել՝ հասկանալու համար, որ նրանք համաձայնության են գնացել 41-րդ համարի հետ, ուստի ոչնչացնում են կուսակցությունը, օրինակ՝ Նիկա Մելիայի հետ կապված թեման, կուսակցությունից հեռացած պատգամավորները և այլն։ Երբ գրանցվեցի, ասացին, որ Արսեն Կարապետյանն էլ է առաջադրել՝ դե առաջադրել է, լավ։ Ընտրություններն անցկացվեցին ամենուր, որտեղ այլընտրանք չկար, անցկացվեցին էլեկտրոնային ընտրություններ։ Իսկ որտեղ մրցակցություն կար, այնտեղ քվեաթերթիկներով։ Հետո իմացա, որ դա Մերաբիշվիլիի կազմակերպած քաղաքական դրվագ է։ Մարդը, պարզվում է, ուզում է Արսենին, չէ՞ որ նրանք միասին են աշխատել, որպես ոստիկաններ են աշխատել, ԿԳԲ-շնիկներ: Այս ամենը համընկավ հատուկ ծառայությունների երկար տարիների ցանկությունների հետ։ Ըստ երեւույթին ուզում են ինձ հեռացնել քաղաքականությունից, նրանք այդպես են կարծում, այնքան միամիտն են։ Եթե մարդը ընդդիմությունում է, ի՞նչ տարբերություն, թե որ կուսակցության կազմում է նա։ Իսկ Արսենը միշտ ասում էր, որ ինքը չի անդամակցի ՄԱՇ-ին, քանի որ ՄԱՇ առաջնորդ Սաակաշվիլին բռնապետ է, և էլի ինչ-որ բաներ։ Այս մասին նա ասում էր 2020թ.-ին: Ի՞նչ է փոխվել 3 տարի անց: Կուսակցությունը քաղխորհուրդ ունի, ինձ այնտեղից ասացին՝ մենք քո դեմ ոչինչ չունենք, դու մեր հարգելի անդամն ես, արի Թբիլիսի՝ քաղխորհուրդ։ Ինչո՞ւ պետք է մտնեմ այնտեղ քաղխորհուրդ, ի՞նչ անեմ, իրենք իրենց այնտեղ անում են։ Նրանք կրկին հավաքում են հատուկ ծառայությունների աշխատակիցների, ես Արսենի դեմ ոչինչ չունեմ, բայց դեռևս չեմ հասկացել, թե ինչով է նա զբաղվում։

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ հատուկ ծառայություններն աշխատել են հօգուտ Արսեն Կարապետյանի

– Չեմ կարծում այդպես, դա փաստ է։ Մարդիկ գալիս էին նման մեքենաներով, ես նախկինում չեմ տեսել, որ ՄԱՇ-ի ընտրողը դպրոցի կամ մանկապարտեզի աշխատող լինի, որ պետական աշխատողները քվեարկեն ՄԱՇ-ի օգտին։ Օրինակ՝ «Վրացական երազանք»-ից Կաջո գյուղի նախկին նախագահն ու քարտուղարը եկել էր քվեարկելու, պատկերացնո՞ւմ եք։ Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունն այլեւս մեր վերահսկողության տակ չէ։ Եթե Վանո Մերաբիշվիլին միջամտել է, ուրեմն ՄԱՇ-ը ֆիկտիվ ընդդիմություն է։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է քաղաքականությունը։ Քաղաքականությամբ պետք է ապրել, շնչել, վերապրել, կորցնել բիզնեսը։ Մարդիկ քաղաքականությամբ զբաղվում են ֆակուլտատիվ: Վանո Մերաբիշվիլին, նրանից ինչ քաղաքական գործիչ, նա մեր կուսակցության անդամ չէ, քաղխորհրդի անդամ չէ, նախագահ չէ, նա ուղղակի ֆինանսավորում է, դրա համար էլ կուսակցությունը կործանեցին։

Ինչպե՞ս եք պատրաստվում շարունակել Ձեր քաղաքական գործունեությունը

– Մեր թիմը կաշխատի։ Տեսնենք, մի քիչ կսպասենք, չենք ուզում միանգամից դուրս գալ կուսակցությունից։ Եթե վերականգնում լինի, ապա մենք նրանց կօգնենք, իսկ եթե՝ ոչ, կստեղծենք համակարգող խորհուրդ և կտեսնենք՝ ընտրությունների ժամանակ կմիանանք կա՛մ Նիկա Մելիային, կա՛մ Վաշաձեին, ովքեր դեմ են իշխանությանը, և, իրապես դեմ են, այլ ոչ թե ֆիկտիվ։