Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ի նշան բողոքի հրաժարվում է օգտվել Ռուսաստան ուղիղ չվերթ կատարած Georgian Airways վրացական ավիաընկերության ծառայություններից:
Նախագահը դատապարտել է Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը: Նա քաղաքացիներին կոչ է արել հետևել իր օրինակին և բոյկոտ հայտարարել Georgian Airways-ին:
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե այդ ավիաընկերությունը հարստանալու համար թե՛ կորոնավիրուսի համավարակի շրջանում է օգտվել պետության կողմից տրամադրված արտոնություններից և թե՛ հիմա է նույն բանն անում:
«Georgian Airways-ը պատրաստ է հարստանալու նպատակով ցանկացած միջոցի դիմել»,- ասել է Նախագահը:
Այսօր Georgian Airways-ը կատարել է մոտ 4 տարի ընդմիջումից հետո առաջին ուղիղ թռիչքը Մոսկվա: Երեկ էլ քառամյա դադարից հետո Մոսկվայից Թբիլիսի է ժամանել առաջին ռուսական օդանավն, ինչին ի պատասխան Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում: