Երեկ՝ մայիսի 18-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն, բյուրոյի նիստում, քննարկեց, երիտասարդական խմբի և «Բաց սահմաններ» կազմակերպության խնդրագիրը, գյուղերում և քաղաքում մունիցիպալ հասարակական տրանսպորտի ցանց ստեղծելու վերաբերյալ։ Սակրեբուլոյի բյուրոյի պատգամավորները հավանություն տվեցին խնդրագրին և այն ուղարկեցին քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու խնդրանքով։

Խնդրագիրը քննարկելու նպատակով Սակրեբուլոյի բյուրոյի նիստին մասնակցում էին սակրեբուլոյի բյուրոյի և վարչակազմի անդամները, խնդրագրի հեղինակ Հնազիկ Ավետիսյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Ջավախքի լրատվական կենտրոնի JNEWS-ի ներկայացուցիչները, Ախալքալաքի LAG-ի նախագահը։

Բյուրոյի բոլոր անդամներն իրենց կարծիքը հայտնեցին խնդրագրի թեմայի և դրա իրականացման հնարավոր ուղիների վերաբերյալ։ Բոլորը համակարծիք էին, որ մունիցիպալիտետն, իսկապես, հասարակական տրանսպորտի կարիք ունի և հավանություն տվեցին քաղաքային տրանսպորտի ցանց ստեղծելու գաղափարին։ Հանդիպմանը խոսվեց նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի փորձի մասին, որն այժմ զբաղվում է նման ցանցի ստեղծմամբ։

«Տեղական ինքնակառավարման մասին օրենքը մեզ իրավունք տալիս է ստեղծել հասարակական տրանսպորտ, ես ուրախ եմ, որ այս 420 հոգին գիտեն, որ կարող են դիմել մեզ և պահանջել իրենց խնդիրների լուծումը»,- ասաց Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Հանդիպման արդյունքում որոշվեց դիմել քաղաքապետարան, որն էլ կաշխատի գաղափարի իրականացման ուղղությամբ։

«Ելնելով նրանից, որ բյուջեում միջոցներ ունենք, կդիմենք քաղաքապետարան, մենք ունենք Ախալցիխեի օրինակը, որտեղ քաղաքապետարանին կից կազմակերպություն են ստեղծել՝ անվանելով «Ախալցիխեի քաղաքային տրանսպորտ» և որոշել են հասարակական տրանսպորտ ստեղծել ոչ միայն քաղաքում, այլ ամբողջ մունիցիպալիտետում, բնականաբար, փորձագետները կհաշվարկեն բոլոր ծախսերը: Ուղեվարձը կհամապատասխանի շուկայական գներին և բարձր չի լինի»,- ասաց Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը։

Մունիցիպալիտետում, հասարակական տրանսպորտի անհրաժեշտության մասին փաստաթուղթ ստեղծվել է նաև Ախալքալաքի LAG -ի կողմից, 2022 թվականին 6 տարածքային միավորի ուսումնասիրությունից հետո։

Սակրեբուլոյի բյուրոն հավանություն տվեց խնդրագրի գաղափարին և փաստաթուղթն ուղարկեց քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար։