8 տարի` հենց այսքան ժամանակ է շարունակվում Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի 14 շենքի բնակիչների չլուծված խնդիրը։ Բնակիչների միջև անհասկացությունը փչացնում է և՛ իրենց կյանքը, և՛ շենքը՝ այն աստիճանաբար ավերվում է։

Ամեն անգամ անձրեւից հետո Աղմաշենեբելիի թիվ 14 բազմահարկ շենքի բնակիչներն իրենց տներում պատանդ են դառնում։ Պարագծի ողջ երկայնքով ձևավորվում է «ծով», որով հնարավոր չէ անցնել։

«Երբ անձրեւ է գալիս, ամեն ինչ լցվում է տան տակ, նկուղներ։ Նույնիսկ մի տեղ չկա, որտեղ ջուրը կհոսի՝ կամ կոյուղու դիտահոր, կամ այլ ինչ-որ բան, ամենուր կեղտ է, շենք մտնելու համար նույնիսկ անցնել հնարավոր չէ, մարդիկ նկուղներով են անցնում»,- մեկնաբանում է բնակիչներից մեկը՝ Դայանա Մանուկյանը:

Նա նաև ավելացնում է, որ ասֆալտի բացակայության պատճառով երեխաները չեն կարողանում խաղալ իրենց տան դիմաց՝ ամենուր ցեխ է, ջրափոսեր, անանցանելի վիճակ։

«Մենք մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան, նույնիսկ հավաքել ենք քաղաքի բնակիչների ստորագրությունները՝ փողոցի ասֆալտապատումը վերսկսելու և տանիքի վերանորոգման խնդրանքով։ Մեր խնդրանքը բանի տեղ չեն դրել, նույնիսկ չեն պատասխանել՝ բացե՞լ են նամակը, թե՞ ոչ»,- մեկնաբանում է Դայանան։

Աղմաշենեբելի փողոցի թիվ 14 շենքի շրջակայքի այս տարածքի ասֆալտապատման խնդիրը կապված էր այն բանի հետ, որ տան բակում կան մասնավոր կցակառուցումներ, առանց որոնց վերացման անհնար է ասֆալտապատել տարածքը։ Բնակիչներից ոմանք համաձայնվել են և հանել իրենց կցակառուցումները, ոմանք՝ ոչ: Տարածքը պետք է ասֆալտապատվեր դեռ 2017 թվականին, սակայն հենց կցակառուցումների պատճառով աշխատանքները դադարեցվել էին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի տեղեկացմամբ՝ մրցույթ է հայտարարվել Ախալքալաք քաղաքում և մունիցիպալիտետում նմանատիպ տարածքների ասֆալտապատման նախագիծ կազմելու համար։ Կախված ֆինանսներից և ժամանակից՝ այս կամ հաջորդ տարի տվյալ հատվածը կասֆալտապատվի։

«Քաղաքում ունենք հատվածներ, այնպիսի մնացած տարածքներ, որոնք ասֆալտապատված չեն, մոտ 7-10 օր առաջ մրցույթ է կայացել՝ նախագիծը կազմելու համար։ Հենց որ նախագիծն ունենանք՝ ելնելով մեր հնարավորություններից, աստիճանաբար դրանք կփակենք։ Այս տարի բյուջեն չի նախատեսում, բայց եթե խնայողություններ լինեն, և եղանակը թույլ տա, այս տարի կանենք, ոչ միայն այս հատվածը, մենք և քաղաքի մյուս մասերում ունենք նման հատվածներ, իսկ եթե ոչ, ապա հաջորդ տարի»,- մեկնաբանեց նա։

Կցակառույցների խնդրի վերաբերյալ Մելքոն Մակարյանն ասաց հետեւյալը.

«Նախագիծը կազմելուց հետո բոլոր ապօրինի շինությունները կհանվեն։ Մեր բոլոր տարածքները կբարեկարգվեն չափանիշներին համապատասխան։ Առանց փաստաթղթերի, ոչ ոք իրավունք չունի գրավել տարածք»։

Աղմաշենեբելիի թիվ 14 շենքը, ասֆալտի բացակայությունից բացի, տուժում է նաև տանիքից արտահոսքից։ Այս տարի շենքի տանիքը կվերանորոգվի։ Այս աշխատանքների մրցույթը շահել է «Գոլդ 777» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 122`437.00 լարի (նախնական գումարը` 153`045.00 լարի): Այս փուլում կատարվում է ընտրություն/գնահատումը։

Մատակարարը պարտավոր է աշխատանքներն ավարտել պայմանագիրը կնքելուց հետո 50 օրվա ընթացքում: