Նինո Մացուկատովը Մարիամի մայրն է, ով ուղեղային կաթվածով է ծնվել: Նինոն իր օրինակով ցույց տվեց հասարակությանը, որ նման ախտորոշումը դատավճիռ չէ, և որ այս խնդրին ճիշտ մոտեցումը հսկայական դեր է խաղում երեխայի դրական զարգացման գործում։ Այնուամենայնիվ, կան զարգացման խոչընդոտներ, որոնք Նինոն և իր ընտանիքը չեն կարող ինքնուրույն լուծել:
«Երբ սահմանափակ կարողություն ունեցող երեխայի ծնող ես, դա հեշտ չէ, դա կապված է բազմաթիվ դժվարությունների հետ՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական»,- պատմում է Նինոն։
Մարիամը սովորում է 4-րդ դասարանում։ Սկզբում նրա և՛ ձեռքերը, և՛ ոտքերը անդամալույծ էին, սակայն մերսումների օգնությամբ նրա ձեռքերը հաջողվեց վերականգնել։
Վրաստանի թիվ 3 դպրոցում, որտեղ սովորում է Մարիամը, իրավիճակն ավելի լավ է, այնտեղ կան թեքահարթակներ և վերելակ, հատուկ ռեսուրս սենյակ, որտեղ սահմանափակ կարողություն ունեցող երեխան կարող է հանգստանալ, ժամանակ անցկացնել, կա նաև հատուկ մանկավարժ։ Այնուամենայնիվ, վերելակը միշտ չէ, որ աշխատում է: Երբ վերելակը չի աշխատում, Մարիամը չի կարող բարձրանալ 2-րդ և 3-րդ հարկեր։
Ախալքալաքի թիվ 3 դպրոցի վերելակը
Ախալքալաքի թիվ 3 դպրոցի բոլոր մուտքերը թեքահարթակներ ունեն
Մարիամը դպրոցական դասերին հաճախել է 1-ից մինչև 3-րդ դասարան: Կորոնավիրուսի ժամանակ, ինչպես բոլորը, նա սովորում էր առցանց։ Սակայն այս տարվանից ծնողներն այլևս չեն կարող նրան ամեն օր դասի բերել։ Քանի որ երեխային անվասայլակով հնարավոր չէ աստիճաններով բարձրացնել-իջեցնել, իսկ իրենց բարձրահարկ շենքում վերելակ չկա, ծնողներն այլևս չեն կարող Մարիամին դուրս բերել։ Նա մեծացել է, ավելի է ծանրացել, և նրան բարձրացնելու համար մեծ ֆիզիկական ուժ է պահանջվում: Մարիամն անցել է տնային ուսուցման, անհատապես է սովորում, ուսուցիչները նրա հետ առցանց դասեր են անցկացնում։
Թիվ 3 դպրոցի ռեսուրս սենյակ, որտեղ կարող են ժամանակ անցկացնել սահմանափակ հնարավորություններով երեխաները
«Նրան միշտ իր կողքին անհրաժեշտ է հոր ներկայությունը, բայց վերջինս ևս առողջական խնդիրներ ունի։ Հետևաբար մենք երեխային չենք կարող նույնիսկ դպրոց տանել։ Ինչքան մեծանում է, այնքան մենք պարփակվում ենք։ Այս դժվարությունները մենք հաղթահարում ենք շատ «հեշտ»՝ նստում ենք տանը։ Չեմ կարծում, որ սա հարցի լուծում է, ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք խնդրին ավելացնում ենք մեկ այլ խնդիր, քանի որ մարդը մաքուր օդի դուրս չի գալիս, չի շփվում այլ մարդկանց հետ, ավելի է հեռվանում հասարակությունից, և ունի հոգեբանական բնույթի այլ խնդիրներ»,- կարծում է Մարիամի մայրը։
Մարիամը լսում է բակի երեխաների ձայները, ցանկանում է խաղալ նրանց հետ, ինչն այս պահի դրությամբ անհնար է։
«Մանկության տարիներին, իհարկե, մենք իջեցնում էինք նրան բակ, նա խաղում էր երեխաների հետ, շփվում էին, չնայած նա անվասայլակի մեջ էր: Մենք նրան տանում էինք մեզ հետ հյուր, ծննդյան տարեդարձերի: Նա շատ շփվող է և կարողանում է գտնել բոլորի հետ ընդհանուր լեզու։ Սակայն, ցավոք, հիմա մենք շատ ենք փակել նրան։ Իհարկե, մենք ենք մեղավոր, որ երեխային դուրս չենք բերում, սակայն պետությունը մեզ ոչ մի կերպ չի օգնում»,- ասում է Նինոն։
Մարիամի ընտանիքը ցանկանում է սեփական տուն գնել, որպեսզի աստիճանների հետ կապված խնդիրներ չառաջանան, սակայն վարկերը, վիրահատությունների և վերականգնման ծախսերը խանգարում են դա ի կատար ածել:
Մարիամի ընտանիքը դիմել է տեղական իշխանություններին՝ իրենց բնակարանի պատշգամբից, որը գտնվում է երկրորդ հարկում՝ մինչև առաջին հարկ վերելակ կառուցելու խնդրանքով, սակայն նրանք մերժում են ստացել այն պատճառաբանությամբ, որ «այս պահին ֆինանսներ չկան»։ Մարիամի ընտանիքը ֆինանսական հնարավորություններ չունի ինքնուրույն տեղադրելու այս վերելակը։
Բնակարանի պատշգամբը, որտեղ ապրում է Մարիամը: Ծնողները ցանկանում էին, որ տեղական իշխանությունները ֆինանսավորեին պատշգամբից մինչև գետին վերելակի տեղադրումը
Բազմահարկ շենքի շքամուտքը, որտեղ ապրում է Մարիամը: Աստիճանները շատ բարձր են, նեղ ու թեքահարթակներ չունեն
Որպես սահմանափակ կարողություն ունեցող անձ՝ Մարիամը երբեք խնդիրներ չի ունեցել դասընկերների կամ դպրոցից դուրս այլ երեխաների հետ շփվելու հարցում։ Բացի այն, որ նա ինքն էլ շատ շփվող, բաց երեխա է, ինչպես ասում են նրա ուսուցիչներից շատերը, սա նաև նրա մոր՝ Նինոյի վաստակն է։ Երեխային առաջին դասարան բերելուց առաջ նա զրուցել է Մարիամի ապագա դասընկերների բոլոր ծնողների հետ, քանի որ գիտեր, որ գավառական Ախալքալաքում սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց հասարակության շրջանում ընկալումներն անհամապատասխան են։
«Դասերի մեկնարկից առաջ երեխայի հետ ծանոթացրինք համադասարանցիների ծնողներին, և նրանց միջև շատ ջերմ հարաբերություններ ստեղծվեցին: Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Մարիամի դասընկերների ծնողներին: Նրանց դերը շատ մեծ է, քանի որ ծնողները շատ են աշխատել իրենց երեխաների հետ, որ Մարիամին ընդունեն որպես սովորական աշակերտի, չնայած որ նա չի կարողանում ինքնուրույն քայլել»,- պատմում է Նինոն։
Տանը Մարիամի հետ նույն կերպ են վերաբերվում, ինչ մյուս երեխաներին, ոչ մի զիջման չեն գնում՝ նրա նկատմամբ նույն պահանջն է, ինչ մյուս աշակերտների, նա ևս ստացել է նույն դաստիարակությունը, ինչ իր երեք ավագ եղբայրները։
«Եթե տղաներին արգելվում էր ինչ-որ բան անել, ուրեմն Մարիամին էլ էր դա արգելվում, մենք Մարիամի պարագայում դաստիարակության սկզբունքները չենք փոխել: Մեծ տղաներս նրան ձեռքերի վրա են ման ածում, Մարիամն ինչ ուզում է՝ անում են»,- կիսվում է Նինոն։
Ախալքալաքի հասարակությունն իրեն բնորոշ գավառական մտածելակերպով հակված չէ ընտանեկան խնդիրները դուրս հանել։ Բայց Նինոն պնդում է, որ եթե ընտանիքը գնահատում է իր երեխային, նա չի թաքցնում նրան ֆիզիկական արատի պատճառով, ապա հասարակությունը ևս կգնահատի նրան: Միևնույն ժամանակ, Նինոն կարծում է, որ նման մարդկանց նկատմամբ չափազանց մեծ ուշադրություն պետք չէ, դա միայն ավելացնում է սթրեսի չափը։
«Երբ դուրս ես գալիս, և բոլորը շրջվում են, մատնացույց անում, երեխաներն անհանգստանում են, մենք նույնպես անհանգստանում ենք, հասարակությունը սովորական կերպով պետք է ընդունի նման մարդկանց, հասկանա, որ նրանք չեն տարբերվում, և որ սահմանափակ կարողություն ունեցող մարդիկ չկան, քանի որ այդ մարդը կարող է և չքայլել, բայց անել այնպիսի բաներ, որոնք այլ մարդիկ, ովքեր ֆիզիկական խնդիրներ չունեն, չեն կարող դա անել»:
Ըստ Նինոյի՝ թրեյնինգների, վեբինարների, սեմինարների, ԶԼՄ-ների միջոցով տարածվող ճիշտ տեղեկատվությունը և կրթությունը կարող են օգնել փոխել հասարակության վերաբերմունքը սահմանափակ կարողություն ունեցող անձանց խնդրի նկատմամբ։
Մարիամը շատ ակտիվ երեխա է, նա ակտիվորեն օգտվում է հեռախոսից և պլանշետից, այնտեղ տեղեկատվություն է գտնում, դիտում ճանաչողական տեսանյութեր։ Նա տիեզերքով է տարված, գիտի բոլոր մոլորակները, նրանց գտնվելու վայրը, կազմը: Նա նաև սիրում է բնությունն ու արվեստը։ Jnews-ի այցելության ժամանակ աղջիկը պատմեց, որ շատ է ցանկանում տանը կենդանի խոսող թութակ ունենալ։
Մարիամի ֆիզիկական վիճակը կարելի է թեթևացնել հատուկ մերսման միջոցով, որն Ախալքալաքում չկա։ Մարիամի ընտանիքը ստիպված է եղել պարբերաբար նրան տանել Թբիլիսի, Ախալցիխե, ինչը նույնպես բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ եթե Մարիամի համար անհրաժեշտ պրոցեդուրաները չկատարվեն, նրա վիճակը նույնը չի մնա՝ այն կվատթարանա։