Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղեկատվություն է տարածում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման մասին։ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հայտնել են Հարավային Կովկասում խաղաղության իրենց ընդհանուր ցանկության մասին:

Շառլ Միշելի խոսքով, եռակողմ հանդիպման ժամանակ առաջնորդները պայմանավորվել են վերսկսել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի շուրջ, ինչպես նաև վերահաստատել են իրենց անվերապահ հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Միշելի խոսքով՝ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում։ Ըստ Միշելի՝ այս թեմայով դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, հատկապես Նախիջեւանի ուղղությամբ երկաթուղային կապի բացման հետ կապված:

Շառլ Միշելը կոչ է արել Ադրբեջանին ապահովել թափանցիկ և կառուցողական երկխոսություն Ղարաբաղում ապրող բնակչության հետ: