Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկը երկրորդ տարին անընդմեջ, երիտասարդների շրջանում, դառնում է Եվրոպայի չեմպիոն։
Համեմատելով 2022-ի և 2023-ի Եվրոպայի առաջնությունում իր ելույթները, Գոռը նշում է, որ անցած տարի իր համար ավելի դժվար էր, քան այս տարի։
«Այս տարի գիտեի, որ ֆավորիտ եմ իմ քաշային կարգում, և հետո, այս տարի շատ երկրպագուներ ունեի, չէի կարող նրանց հիասթափեցնել։ Նրանց աջակցությունը մեծ է։ Այս անգամ ավելի մեծ պատասխանատվություն ունեի, իմ պատմական հայրենիքում՝ Հայաստանում, անպայման պետք է հաղթեի: Ես վստահ էի, որ հաղթելու եմ, ու հաղթեցի»։
Նա համարում է, որ իրեն օգնում է հաղթել քրտնաջան մարզումները։
«Եթե մարզիկը, չնայած մշտական մարզումներին, պարտվում է, նշանակում է նա քիչ է մարզվել»:
Գոռի անձնական մարզիչ Գագիկ Էլիզբարյանն իր մարզիկի մեջ մեծ աշխատասիրությունն է ընդգծում։
«Նրա ուժը ֆիզիկական տվյալների մեջ է, տեխնիկան նույնպես չի զիջում: Նա մարզվում է 6 տարեկանից, շատ աշխատասեր է: Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ, առաջին հերթին՝ օլիմպիական չեմպիոն դառնալու առումով»,- կիսվում է նա:
Ի՞նչն է օգնում բռնցքամարտիկին ռինգում: Գոռը կարծում է, որ կոնկրետ ռինգում՝ արդեն ոչինչ։ Այն ամենն ինչ կախված է բռնցքամարտիկից, ըստ Գոռի, նա պետք է անի մինչև ռինգ բարձրանալը։ Մենամարտերից առաջ Գոռը միշտ տրամադրվում է, որ ռինգը պետք է լքի միայն հաղթանակով, ինչպես նաև խելացի մարտ վարի։
«Ռինգում պետք է քեզ ճիշտ պահես, երբեք չանջատես ուղեղդ, երբ դու լարվում ես, ուղեղդ անջատվում է։ Շատերն աշխատում են բռնցքամարտիկին բարկացնել, երբ բռնցքամարտիկը զայրացած է, համարիր, որ նրա ուժը, էներգիան սպառված է, և նրան հեշտ է հաղթել»:
Ինքը՝ Գոռն ասում է, որ գիտի, թե ինչպես զսպել զգացմունքները, վերահսկել դրանք: Դա եկել է փորձի հետ:
Գոռն ավարտում է դպրոցը և նախատեսում է գնալ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սովորելու, չնայած այն հանգամանքին, որ կարող է ամիսներ շարունակ լինել ուսումնամարզական հավաքների։ Կյանքի իր ծրագրերի մասին ասում է, որ կզբաղվի բռնցքամարտով, քանի դեռ կարող է, բայց չգիտի, թե ինչ կլինի հետո։
Հաջորդ տարվանից Գոռը կսկսի ներկայանալ մեծահասակների կատեգորիայում։ Նրա հիմնական նպատակը 2028 թվականի Օլիմպիական խաղերն են, սակայն դրանցից առաջ ավանդական մարզացուցակը Վրաստանի առաջնությունն է, Եվրոպայի առաջնությունը, աշխարհի առաջնությունը, բայց արդեն մեծահասակների շրջանում։
Ծնողները միշտ աջակցում են Գոռին իր ճանապարհին, անկախ նրանից՝ նա պարտվում է, թե հաղթում։ Ընդհակառակը, երբ նա պարտվում է, մոտիվացնում են նրան՝ ասելով, որ ավելի շատ պետք է աշխատի։