Ջավախքում սկսվել է կարտոֆիլի ցանքը: Շատ կարտոֆիլագործներ չեն իրացրել նախորդ տարվա կարտոֆիլը: Վերջիններս չեն կարողանում կողմնորոշվել՝ ցանել մնացած կարտոֆիլը, թե այն նետել աղբանոց։
Նախորդ տարվա կարտոֆիլի պահանջարկն ու գինն ամեն ամիս փոխվում էր։
Անցած տարվա հոկտեմբերին կարտոֆիլի գինը հասնում է առավելագույնին: Ֆերմերները, նկատելով, որ կարտոֆիլի թանկացման միտում կա, այդքան էլ չէին շտապում վաճառել այն։ Վաճառում էին հիմնականում նրանք, ովքեր պարտքեր, վարկեր ունեին։ Նրանք հրաժարվում էին վաճառել անգամ 1,50 լարիով։ Վաճառքի հետ կապված խնդիրներ չեն եղել, 1 կգ կարտոֆիլի գինը, կախված չափից ու որակից, տատանվել է 1,20 լարիից մինչև 1,80 լարի։
Կարտոֆիլի բարձր գինն ու պահանջարկը Ջավախքում պահպանվում է մինչև դեկտեմբերի կեսերը։
Խոշոր քաղաքների մեծածախ շուկաներում 2023 թվականի հունվարի սկզբին գինը իջնում է, տեղում արդեն գնորդները քչանում են, և առնում են ցածր գներով։ Մեծածախ շուկաներում կարտոֆիլը վաճառվում է մեկ կգ-ը 1-1,20 լարիով։
Փետրվարին, Ախալքալաքում, վերավաճառողների կողմից պահանջարկի և թանկացման միտում է նկատվում։ Կարտոֆիլը թանկանում է 20-30 թեթրիով, սակայն պահանջարկը երկար չի տևում, գնորդները մինչև հեռավոր գյուղեր չեն հասնում։
Կարտոֆիլը մարտ ամսից չի վաճառվում և այն էժանացել է: Ապրիլին վերավաճառողների շրջանում մի թեթև աշխուժացում նկատվեց։
Հիմա ֆերմերների մոտ շատ կարտոֆիլ է մնացել, իսկ գնորդները շատ քիչ են, որոշ ֆերմերներ պատրաստ են վաճառել ցանկացած գնով։
Խավեթ գյուղից Միքայել Պետրոսյանը հուսահատության մեջ է, չգիտի ինչ անել կարտոֆիլի բերքի հետ: Անձամբ չի կարողանում մեծ քաղաքներ տանել, իսկ գնորդներն էլ գյուղ չեն գալիս։
«Ես 8 տոննա կարտոֆիլ ունեմ, չեմ կարողանում տանել, 1 կգ կարտոֆիլը տեղափոխելու համար 15 թեթրի են վերցնում, ինձ ձեռնտու չէ, չգիտեմ որքանով կարող եմ այնտեղ վաճառել: Արդեն մեկ ամիս է, մեր գյուղ ոչ մի մեքենա չի եկել: Ստիպված ցանելու եմ, բա հո դեն չեմ նետելու: Մեր գյուղի ճանապարհը վատն է, մեքենաները չեն գալիս»,- ասում է Միքայել Պետրոսյանը։
Սուլդա գյուղից Սերգեյ Ափոյանը կարծում է, որ կարտոֆիլը մնացել է իր մեղքով:
«Աշնանը չվաճառեցի, սպասում էի, որ թանկանա: Ես 7-8 տոննա կարտոֆիլ ունեմ, եթե նախկինում չէի համաձայնում գնի պատճառով, հիմա համաձայն եմ ցանկացած գնի: Ես արդեն համակերպվել եմ 70-80 թեթրի գնի հետ: Չգիտեմ թե ինչ եմ անելու: Թբիլիսիում էլ չի վաճառվում, ով տարել է, էլի հետ են բերել»,- ասաց Սերգեյ Ափոյանը։
Կումուրդոյի բնակիչն այս տարի նախատեսել էր գարի ցանել, սակայն գարու փոխարեն ստիպված է կարտոֆիլ ցանել։
«Ես 4 տոննա կարտոֆիլ ունեմ: Մեր գյուղում կարտոֆիլը շատ է, բայց 70 թեթրիով չեմ վաճառի: Մի տուփ պարարտանյութի համար 74 լարի եմ վճարել: Ցանել եմ 1 հա 20 հար կարտոֆիլ, ստացել՝ մոտ 15 տոննա։ Ավելի լավ է ես ցանեմ, քան էժանով տամ»,-ասում է Կումուրդոյի բնակիչներից մեկը։
Նինոծմինդայի բնակիչ Հայկը, նախորդ տարի, կարտոֆիլ էր ցանել 4 հա հողատարածքի վրա: Հիմա նա վաճառքի 20 տոննա կարտոֆիլ ունի։ Հայկը դեռ չգիտի, թե ինչ է անելու, եթե չկարողանա վաճառել։
«Սպասում ենք, որ Ախալքալաքում կարտոֆիլը վաճառեն, որ գնորդները վերջապես գան մեր մունիցիպալիտետ: Քանի դեռ այնտեղ կա, մեզ մոտ չեն գալիս, բայց ես չեմ ուզում էժան վաճառել»,- ասում է Հայկը։
Նրա խոսքով, այս տարի Վրաստան մեծ քանակությամբ կարտոֆիլ է ներկրվել, հատկապես Ռուսաստանից։
Ըստ EastFruit-ի վերլուծաբանների, Վրաստանի առանցքային Սամցխե-Ջավախքի շրջանում կարտոֆիլի բերքատվությունը շատ ցածր է եղել անցյալ տարի: Բերքատվության անկման հիմնական պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին, ինչը հանգեցրեց կարտոֆիլի գների աճին։ Հաշվի առնելով տեղական բարձր պահանջարկը և վատ բերքը, ինչպես նաև կարտոֆիլի գնի հետագա աճը կանխելու համար, Վրաստանը 2022 թվականի աշնանը սկսեց ճաշի կարտոֆիլ ներմուծել, պաշարների և պահանջարկի միջև բացը լրացվեց ներկրվող կարտոֆիլով:
Վիճակագրության համաձայն, այս տարի Վրաստանը ներմուծել է ամենամեծ քանակությամբ կարտոֆիլ՝ թե՛ սերմացու, թե՛ ճաշի։