Վերջերս Խուլգումո գյուղից Վենետիկ Զանդարյանը բռնցքամարտի պատանիների առաջնության 2023 թվականի չեմպիոն դարձավ, որը նրա տարիների նպատակն էր: Վենետիկի առաջին նպատակը իրականցավ, հիմա նրա նպատակն է մասնակցել օլիմպիական խաղերին։ Սակայն այդ ճանապարհին կան նաև դժվարություններ:

Վրաստանի բռնցքամարտի պատանիների առաջնությունից Վենետիկը վերադարձավ հաղթանակած, որը տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 25-30-ը Գորի քաղաքում:

image-04-05-23-09-12

Այս մրցույթից հետո կլինի երեք հավաք։ Առաջի հավաքը տեղի կունենա Իսպանիայում, սակայն այստեղ կան ֆինանսական հարցեր, որը կարող է խանգարել Վենետիկին, չմասնակցել առաջնությանը։ Մարզիչն ասում է՝ ուղիներ են փնտրում ֆինանսական աջակցության համար։

«Խոսքը մինչև 4000-5000 եվրոի մասին է, բռնցքամարտի ֆեդերացիան չի հովանավորում, քանի օր օրացույցի մեջ չկա, այն մրցույթները, որոնք օրացույցով ներկայացված են, ամբողջովին անվճար են: Եթե օրացույցի մեջ չկա, արդեն ընկնում է մունիցիպալիտետների վրա, եթե հնարավորություն լինի, կօգնեն: Բանն այն է, որ մենք երկու չեմպիոն ունենք, ինչը մի քիչ դժվար է», – ասում է մեր հերոսի անձնական մարզիչը՝ Արթուր Էլիզբարյանը:

Վենետիկի օրն սկսվում է դպրոցով, այնուհետև գնում է սպորտհամալիր։ Պարապում է շաբաթը 6 օր, օրական 2-ական ժամ։ Առավոտներն էլ վազքով է զբաղվում։

Սկզբից հաճախել է կարատեի՝ 6 տարի, այնուհետև ընկերները առաջարկել են բռնցքամարտ, փորձել է, հավանել ու այդպես էլ արդեն 5 տարի է բռնցքամարտի ասպարեզում է։

2018 թվականից սկսել է պարապել սպորտհամալիրում, մարզիչ Արթուր Էլիզբարյանի մոտ։

«Առաջի մենամարտս եղել է Ախալցիխեում, որտեղ էլ զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը, դրանից հետո երկու անգամ մասնակցել եմ Վրաստանի առաջնությանը, 2017-2018 թվականներին գրավել եմ երկրորդ հորիզոնական, իսկ 2016-2017 թվականներին երրորդ հորիզոնական, իսկ այս տարի՝ առաջին հորիզոնական», – ասում է Վենետիկը։

Ոչ միայն Վրաստանում, այլև երկրից դուրս նա մասնակցել է տարբեր առաջնությունների և գրավել պատվավոր հորիզոնականներ։ Օրինակ՝ Երևանում մասնակցել է միջազգային մրցույթի և գրավել է երկրորդ հորիզոնականը 70 կգ քաշային կարգում, ինչպես նաև Գյումրիում։

Բռնցքամարտի պատանիների Վրաստանի առաջնությանը մասնակցելու նպատակը եղել է դառնալ հավաքականի անդամ և գրավել առաջին հորիզոնական, ինչն էլ Վենետիկի մոտ հաջողությամբ է ստացվել։

zandaryan 1

«Արթուր Էլիզբարյաինի գլխավորությամբ 4-5 ամիս, ամեն օր պարապմունքներ ենք անցկացրել և մեր մոտ ստացվեց հաղթել։ Մրցակիցներս ուժեղ էին, առաջնության ժամանակ չորս մենամարտ եմ ունեցել», – ավելացնում է չեմպիոնը։

Երկու տարի առաջ մենամարտել է Բիգվավա Գիորգիի հետ, նա Զուգդիդից է, ով 14 տարեկանում եղել է Եվրոպայի չեմպիոն, այդ մենամարտը ավարտվել էր մեր մարզիկի պարտությամբ, սակայն նա նպատակ է դրել, կրկին մրցակցել Գիրորգիի հետ և հաղթել, այդպես էլ եղավ, նպատակ դրեց, և հասավ, այս տարի հաղթեց նրան:

Վենետիկի ընտանիքը նորմալ է ընդունել այն փաստը, որ նա որոշել է բռնցքամարտով զբաղվել, մենամարտերի ժամանակ ողջ ընտանիքը երկրապագում է։

Մարզիկն այդպես էլ ասում է, իրեն ուժ տվողը ընտանիքն է, անձնական մարզիչը և գլխավոր մարզիչը։

Վենետիկի մարզիչը գոհ է իր մարզիկից, ասում է՝ շատ համեստ և աշխատասեր է, ինչի շնորհիվ էլ արդյունքի են հասել:

«Քիչ բան չէ Վրաստանի չեմպիոն դառնալը, չնայած ես նրանից ավելին եմ պահանջում։ Իր քաշային կարգում և տարիքում բավականին լուրջ պատրաստություն է պետք չեմպիոնական տիտղոսին հասնելու համար։ Մեր մոտ ստացվեց, մենք բոլորս միասին ենք աշխատում», – ասում է Վենետիկի անձնական մարզիչ Արթուր Էլիզբարյանը։

marzich marzik

Վենետիկն իր ապագան տեսնում է Վրաստանում, հիմա սովորում է 10-րդ դասարանում և հետագայում կրթությունը շարունակելու է համալսարանում, թե ինչ մասնագիտությամբ, դեռ չի կողմնորոշվում։ Ինչ վերաբերում է բռնցքամարտին, ապա ասում է, եթե մինչև 18 տարեկան արդյունք ստացավ, ապա կշարունակի։ Նա արդյունք է համարում նաև այն, որ արդեն Վրաստանի հավաքականի մեջ է և չեմպիոն է դարձել, սակայն նրա համար շատ կարևոր է մասնակցել ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի առաջնություններին և հասնել ցանկալի արդյունքների:

Մտածելով Օլիպիական խաղերին մասնակցելու կարևորության մասին, գիտակցում է, որ դեռ շատ պետք է աշխատի:

Օլիմպիական խաղերին հասնելու համար նախ տարիքը դեռ չի հերիքում։ Մինչ այդ էլ նրան սպասում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, որպեսզի կարողանա ուղեգիր ստանալ, որ նոր կարողանա հասնել իր նպատակի հետևից։