Արևային էլեկտրակայաններն այն տեխնոլոգիաներից են, որոնք հնարավորություն են ընձեռում էլեկտրաէներգիա ստանալ առանց բնությանը վնաս պատճառելու և առանց սահմանափակ ռեսուրսների օգտագործման։ Գավառական Ախալքալաքում, սակայն, այդ տեխնոլոգիաները դեռ տարածված չեն՝ բնակիչները, հիմնականում, դրանք մոնտաժում են միայն ֆինանսավորում ստանալու դեպքում:
Ենոք Բաբաջանյանը մունիցիպալիտետում առաջիններից էր, որ օգտվեց արևային էլեկտրակայաններից։ Նա արևային էներգիան օգտագործում է ոչ թե առօրյա կյանքում, այլ բիզնեսում։ Էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ իր աճեցրած արտադրանքի ինքնարժեքը նվազել է 2 անգամ։
«Սա, ընդհանուր առմամբ, նորարարական տեխնոլոգիաներ է, և իմ ջերմոցը կոչվում է նորարար, այն առաջինն է Վրաստանում և Հայաստանում։ Ես լոլիկ եմ աճեցնում, կարող եմ մեկ ամիս շուտ էլ տնկել։ Ամբողջ ամառ ես էլեկտրաէներգիա եմ վաճառում EnergoPro Georgia-ին, գումարը կուտակվում է իմ հաշվին, իսկ ձմռանը կամ գարնան ամիսներին կարող եմ օգտագործել այն»,- պատմում է Ենոքը։
Ընդհանուր առմամբ, կան 3 տեսակի արևային կայաններ. Առաջին տեսակի դեպքում դրանք ստանում են արևային էներգիա և կուտակում այն մարտկոցներում, երկրորդները միացվում են էլեկտրացանցին և ավելորդ էլեկտրաէներգիան հնարավոր է վաճառել էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությանը, իսկ երրորդ տեսակն իր մեջ միավորում է թե՛ առաջինը, թե՛ երկրորդը: Ներկայումս Ենոքը տեղադրել է 2-րդ տիպի վահանակները, և նա կարծում է, որ սա արևային կայանի ամենաարդյունավետ տեսակն է։
«Մարտկոցների ծառայության ժամկետը 5 տարի է, 5 տարի հետո դրանք փչանում են, դրանք բավականին թանկ են։ Եթե 1 կՎտ-ն առանց մարտկոցի պանելների դեպքում արժե 800-900 դոլար, ապա մարտկոցովի դեպքում այն կազմում է 1300-1400 դոլլար։ Սա ամենահարմար տեսակն է [խմբ. վահանակներ, որոնք միանում են հոսանքի ցանցին], դրանք օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Երբ միացնում ես էլեկտրացանցին, ապա վաճառում ես ավելցուկային էլեկտրաէներգիան: Վաճառում ես 11 թեթրիով, առնում ես 22 թեթրիով»,- ասում է գործարարը։
Չնայած այն հանգամանքին, որ Ենոքը էլեկտրաէներգիան վաճառում է 2 անգամ ավելի էժան, քան գնում է, «EnergoPro» ընկերությունը դեռևս պարտք է նրան։ Ընդհանուր առմամբ, նա ունի 2 կայան՝ 15 կՎտ ընդհանուր հզորությամբ։ 5 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը ֆինանսավորվել է Տեղական զարգացման խմբի (LAG) կողմից ENPARD-II ծրագրի շրջանակներում, իսկ երկրորդ 10 կՎտ հզորությամբ կայանը ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ի կողմից:
Ամբողջ ձմեռը ջերմոցում ու Ենոքի տանը հոսանքն անվճար է նրա համար։ Վերջինիս կարծիքով՝ արևային մարտկոցները շատ արդյունավետ տեխնոլոգիա են, սակայն նախնական ներդրումը մեծ է։
«Եթե կա դրամաշնորհ, ապա այն շատ խնայող տարբերակ է ու շահավետ, հատկապես բիզնեսում։ Յուրաքանչյուր բիզնես արևային մարտկոցներով կարող է ամսական մոտ 1000 լարի խնայել էլեկտրաէներգիայի վրա»,- ասում է նա։
Թեև Ախալքալաքում կան մարդիկ, ովքեր սեփական միջոցներով՝ առանց դրամաշնորհի, արևային էլեկտրակայանները տեղադրել են և շատ գոհ են արդյունքից։
Գրիգոր Համբարձումյանն արևային էներգիան օգտագործում է նաև բիզնեսի համար: Նա տեղադրել է 200 կՎտ հզորությամբ կայան և ամսական խնայում է մոտ 8000-9000 լարի։
«Մոտ 4 տարի հետո ծախսերը փոխհատուցվում են: Կայանը ես տեղադրել եմ մեկուկես տարի առաջ։ Շահութաբեր լինելու համար պետք է մեծ սպառում լինի։ Էլեկտրաբաշխիչ ընկերությանը վաճառելն անշահավետ է: Եթե ծախսում ես այն ամենը, ինչ կայանը տալիս է, ուրեմն ձեռնտու է»,- նշում է նա։
Նման նախագծեր ֆինանսավորող դոնոր ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն՝ Ախալքալաքն ունի տարեկան 250 արևոտ օր։ Փորձագետների և այս վահանակների սեփականատերերի մեծ մասը համաձայն է, որ շրջանը հարմար է արևային էներգիայի օգտագործման համար: Այնուամենայնիվ, Ախալքալաքում արևային վահանակներ վաճառող «Էկո Էներջի» ընկերության տնօրեն Ռամազ Կավրելիշվիլին նշում է, որ շրջանում արևային կայաններ է տեղադրել բնակչության 1%-ից ավելի քիչ մասը, մինչդեռ դրանք տեղադրողների 95%-ը դա արել է դրամաշնորհով, այլ ոչ անձնական միջոցներով։
«Ընդհանուր առմամբ պահանջարկ կա, բայց չեմ կարող ասել, որ դա բոլորին է հետաքրքրում, այս հարցը հանրահռչակման կարիք ունի։ Ուղղակի պատմել ու սպասել, որ հետ կզանգեն՝ հարմար տարբերակ չէ: Մենք այլ տարբերակ ենք առաջարկում, մեր գաղափարն այն է, որ մարդ ստանա և՛ հոսանք, և՛ ջեռուցում։ Մեզ մոտ 6-7 ամիս ձմեռ է, յուրաքանչյուր հաճախորդի համար հաշվարկում ենք այնպես, որ ամբողջ տարին բավարարի թե՛ հոսանքը, թե՛ ջեռուցումը, և նա այլեւս կոմունալ ծախսերի դիմաց չվճարի»,- բացատրում է Ռամազը։
Նրա խոսքով, 1 կՎտ-ի տեղադրման արժեքը կարող է տատանվել 700-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար։ Ռամազը վստահ է, որ ճիշտ մոտեցման դեպքում անձնական միջոցներից արևային կայանների տեղադրումը նույնպես շահութաբեր կլինի մարդու համար:
«Միայն լույսի համար տեղադրելը ձեռնտու չէ, ամսական հոսանքի հաշիվը առավելագույնը 100-120 լարի է, նման հաշվարկներից դա այնքան էլ ձեռնտու չէ։ Բայց մենք վառելափայտ ենք առնում, ջեռուցում, եթե այս կողմից դիտարկես, կարող ես այնպես անել, որ ամբողջ գարուն-ամառ էլեկտրաէներգիան վաճառես պետությանը, իսկ աշուն-ձմեռ, երբ ջեռուցման անհրաժեշտությունը կա, արդեն ունես գումարը հաշվին, և կարող ես օգտագործել այն», – պատմում է Ռամազը:
Ինչպես նշում է Ռամազը, արևային էլեկտրակայանների տեղադրման փոխհատուցումը կախված է յուրաքանչյուր կոնկրետ դեպքից, թե որ ընտանիքն ինչքան էլեկտրաէներգիա է օգտագործում։ Նա հավելում է, որ շատ կարևոր է մարդուն ճիշտ բացատրել բոլոր նրբությունները, ինչպես նաև ապահովել, որ պանելների աշխատանքը ժամանակի ընթացքում վերահսկվի։
«Ամեն մարդ չէ, որ կարող է դրամաշնորհ շահել, բայց ամեն մարդ կարող է նման սարքավորում ձեռք բերել, մենք մարդուն առաջարկում ենք այնպիսի համակարգեր, որոնք իրեն հարմար են, եթե փող չունի, ապա առաջարկում ենք ապառիկով։ Նա 3-4 տարի հետո կմարի վարկը, հետո 25-30 տարի կունենա անվճար հոսանք»,- մեկնաբանում է նա։
Վրաստանում արևային էներգիայի օգտագործման ոլորտում պետության կողմից լայնածավալ ծրագրեր չկան։ Ինչպես փոխանցում է report.ge-ն՝ 2020 թվականին Բարձրալեռ զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ 1500 վտ հզորությամբ արևային մարտկոցներ են տեղադրվել 87 բարձրալեռ գյուղերի 207 ընտանիքների՝ անժամկետ օգտագործման համար։ Ծրագիրը պետք է ընդգրկեր Վրաստանի 8 շրջանները՝ Մցխեթա-Մթիանեթին, Շիդա-Քարթլին, Սամցխե-Ջավախեթին, Իմերեթին, Ռաճա-Լեչխումի ու Քվեմո-Սվանեթին, Կախեթին և Աջարիան: Ախալքալաքի մունիցիպալիտետում այս ծրագիրը քննարկվել էր, սակայն արդյունքում այստեղ արեւային մարտկոցներ չէին տեղադրվել։
2021-2022 թվականներին, Եվրամիության աջակցությամբ՝ ENPARD III ծրագրի շրջանակներում, գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսավորել էր Վրաստանի 8 շրջաններում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը։ Ախալքալաքի մունիցիպալիտետում այս հնարավորությունից օգտվել էր 23 մարդ։
2022 թվականին Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNPD) աջակցությամբ ENPARD ծրագրի շրջանակներում Ախալքալաքի տեղական զարգացման խումբը (LAG) Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական համայնքներում մրցույթ էր հայտարարել սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ արևային ֆոտովոլտային համակարգերի ձեռքբերման համար։ Ծրագրի արդյունքում, որի նպատակն է նաև խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը, 16 ընտանիք կարողացել էր օգտագործել արևային էներգիան իրենց տներում:
Ախալքալաքի LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ արևային էներգիայի օգտագործումը շրջանում տարածված չէ, քանի որ անձնական ներդրումների արդյունքը տևում է մոտ 5-6 տարի։ Նրա խոսքով՝ մունիցիպալիտետում նման ողջ տեխնիկան տեղադրվել է ոչ թե պետական միջոցների, այլ դրամաշնորհների հաշվին։
«Կարծում եմ, որ այստեղ հիմնական դերը խաղում է միայն ֆինանսական հարցը, այն թանկ է, իսկ փոխհատուցումը՝ երկար։ Մարդիկ կասկածում են դրա էֆեկտիվության վրա, արդյո՞ք դա իրենց օգուտ կտա։ Հետաքրքրվողներ կան, բայց ես չեմ տեսել, որ ինչ-որ մեկն իր միջոցներով տեղադրի»,- նշում է Սերգեյը։
«Արևային» տեխնոլոգիաների փորձագետներն ու գործածողները համաձայն են, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը բավարարում է անհրաժեշտ պայմանները և վերականգնվող էներգիայի ոլորտում ունի զարգացման ներուժ, սակայն այս փուլում շրջանի բնակիչները դեռ նպատակահարմար չեն գտնում սեփական միջոցները ներդնել արևային կայանների տեղադրման համար՝ դրանց բարձր արժեքի և երկարաժամկետ փոխհատուցման պատճառով։