Սաթենիկ Հակոբյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղից է: Նա իր հարյուրամյակի շեմին է: Իր այս պատկառելի տարիքում նա ֆիզիկապես ակտիվ է և կենսուրախ, չի կարող ձեռքերը ծալած նստել ու անընդհատ ինչ-որ բան է անում բակում։ Իր կյանքում նա ափսոսում է միայն մեկ բաց թողնված հնարավորության համար։
Կաջո գյուղի տներից մեկի բակն է, որտեղ ապրում է համարյա 100-ամյա Սաթենիկ Հակոբյանը: Մեր առջև բացված տեսարանը մեզ մեծապես զարմացրեց։ Այգում տարեց կինը իր հողամասում հող էր մշակում: Մենք մտածեցինք, որ սխալվել ենք, բայց նա հենց ինքը՝ Սաթենիկ տատն էր։ Տեսնելով մեզ, իմանալով, ով ենք մենք, նա ուրախությամբ ողջունեց մեզ ու անմիջապես սկսեց պատմել իր մասին։
Սաթենիկ տատը հպարտությամբ է խոսում իր տարիքի մասին, հավելելով, որ իր նախնիները երկարակյաց են եղել, պապն ապրել է 118 տարի:
Սաթենիկ Մուրադյան-Հակոբյանը ծնվել է Բորժոմիի մունիցիպալիտետի Տաբածկղուրի գյուղում, 1924թ.-ի հունվարի 1-ին։ Ընտանիքում 6 երեխա են եղել՝ 4 աղջիկ և 2 տղա։ Սաթենիկն ամենամեծն էր։ Ամուսնացել է Կաջո գյուղից Հակոբյան Արշալույսի հետ։ Նա ամուսնացել է չիմանալով, թե ուր է գնում՝ ընդհանուր ծանոթների առաջարկությամբ։
«Ես նրան չէի ճանաչում ու չէի տեսել, բայց նա տեսքով լավն էր»,- ասում է Սաթենիկ տատը։
Նա երեք երեխա է լույս աշխարհ բերել՝ մեկ դուստր և երկու տղա։ Սաթենիկն ապրում է դստեր հետ, որդիները վաղուց մեկնել են Ռուսաստան։ Նա շատ հազվադեպ է տեսնում նրանց: Անցյալ տարի որդիներն եկել էին նրան տեսակցելու, հետո իրենց հետ տարել Ռուսաստան, բայց նա այնտեղ չէր կարողացել մնալ։
«Թող իրենք իրենց համար ապրեն, ինձ պետք չէ օգնել: Ես թոշակ եմ ստանում: Ես կգնայի իրենց մոտ, բայց ոնց թողնեմ աղջկաս, նա մենակ է, իսկ տղաներս իրենց ընտանիքն ունեն: Ես ամեն աշխատանք անում եմ տանը, այգում էլ եմ աշխատում»,- ասում է Սաթենիկ տատիկը։
Նա ունի խորը, կապույտ աչքեր: Երբ նա պատմում է իր մասին, նրա աչքերը փայլում են ուրախությունից և բոցավառվում, բայց երբեմն կտրուկ փոխվում են, ասես ծածկվում են պաշտպանիչ շերտով և լցվում արցունքներով։ Հետո տիրում է խորը լռություն, որը չես ուզում խախտել։
Սաթենիկ տատը լավ չի լսում, բայց տեսողությությունը լավն է, ակնոց չի օգտագործում։
Երիտասարդ տարիներին բանաստեղծություններ է գրել, որոնք տպագրվել են «Սովետական Վրաստան» թերթում։ Նրա բանաստեղծություններից ոչ մեկը չի պահպանվել։ Նա ևս դրանք ամբողջությամբ չի հիշում, մեզ համար կարդաց իր բանաստեղծություններից ինչ որ հատվածներ։
Նա հպարտությամբ ասում է, որ դպրոցում լավ է սովորել, գեղեցիկ ասմունքել, և այդ պատճառով նա միշտ օրինակ է ծառայել մյուսների համար։ Միջոցառումների ժամանակ նա միշտ բանաստեղծություններ է արտասանել։
Հակոբյան Սաթենիկը չի կարող ներել ծնողներին, որ իրեն ամուսնացրել են և չեն ուղարկել սովորելու։ Ամուսնու ընտանիքը աղքատ էր, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, ուստի նա ստիպված էր մոռանալ բարձրագույն կրթության մասին։
Հարցին, թե գոհ է իր ապրած կյանքից, նա պատասխանեց.
«Այո, գոհ եմ, բայց թերություններ եղել են: Ես իմ կյանքի ամենակարևոր գործը կիսատ թողեցի: Ես մեծն էի, առանց իմ համաձայնության ամուսնացրին ինձ: Ծնողներս կորցրին ինձ, կարող էին ուղարկել սովորելու, ես հետո էլ կամուսնանայի: Կարգն էր այդպիսին, ավագը ես էի, ես պետք է ամուսնանայի»,- տխրությամբ պատմում է Սաթենիկ տատը։
Մեզ հրաժեշտ տալուց հետո նա խնդրեց հաճախակի այցելել իրեն։ Նա շատ ուրախ էր մեր այցելությունից: Ապրելով գրեթե մեկ դար, նա չի սիրում խոսել ապրած դժվարությունների մասին, փորձելով հիշել լավը և մարդկանց հաճելի բաներ ասել։