Ալաստան գյուղում ցանկանում են վերանորոգել նախկին գյուղական հիվանդանոցի կանգուն շենքը, որպեսզի այնտեղ մանկապարտեզ բացեն։ Տեղական իշխանությունները այլ ծրագրեր ունեն, նախատեսում են նոր, տիպային շենք կառուցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ֆինանսավորումը երբ կլինի։

Անցյալ տարվանից Սակրեբուլոն և Ախալքալաքի քաղաքապետարանը քննարկում են Զակ և Ալաստան գյուղերում նոր մանկապարտեզների բացման հարցը։ Ալաստան գյուղի դեպքում նախատեսվում է, որ այս հեռավոր գյուղից բացի մանկապարտեզ կհաճախեն նաեւ հարեւան գյուղերի՝ Վարեւանի եւ Կոկիոյի երեխաները։

Տեղի բնակիչների համար մանկապարտեզի հարցը քննարկվելի և կարևոր հարցերից մեկն է։

«Երբ մենք տեղեկություններ էինք հավաքում մանկապարտեզ բացելու համար, համապատասխան տարիքի երեխաներին բացահայտելու նպատակով, միայն Ալաստանում կար 66 երեխա՝ 3-ից 6 տարեկան հասակի: Մենք ինքներս էինք շրջում և տեղեկություններ հավաքում այս մասին: Այնուամենայնիվ, բնակչության արտահոսքը և ծնելիության ցածր մակարդակը նպաստել են երեխաների թվի նվազմանը: Այժմ 3 գյուղում (խմբ. Ալաստան, Կոկիո, Վարևան) միասին մոտ 50-55 երեխա կլինի»,- ասում է Ալաստան համայնքի նախկին պատգամավոր Սիմոն Մանանյանը:

Ի սկզբանե գյուղում ցանկանում էին վերանորոգել նախկին հիվանդանոցի կանգուն շենքը։ Այս շենքի մի մասում տեղակայված է ամբուլատորիա, մնացածը առանց գործառույթի է, անտիրական վիճակում:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, իրենք սպասում են նոր շենքի կառուցման համար ֆինանսավորման հաստատմանը։

«Մունիցիպալ զարգացման հիմնադրամը մեզնից ժամանակացույց է հայցել, Ալաստան գյուղի մանկապարտեզը մենք ներառել ենք ժամանակացույցում, այս մանկապարտեզը լինելու է 3 գյուղի համար՝ Վարեւան, Ալաստան, Կոկիո: Շենքը, որը հիմա ունենք, չի համապատասխանում չափանիշներին։ Հիմնադրամն ունի իր չափորոշիչները: Մենք ունենք երկու համայնք՝ Զակը ու Ալաստանը, որտեղ մանկապարտեզներ չկան: Մենք երկու համայնքների մասին էլ գրել ենք, որ եթե ֆինանսավորում լինի, այս երկու համայնքում էլ մանկապարտեզներ կառուցվեն»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղերից մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կա միայն 17 գյուղում, որից 15-ում գործում են լիարժեք մանկապարտեզներ, իսկ 3-ում՝ այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ (այստեղ երեխաները մի ամբողջ օր չեն անցկացնում և կերակրման հնարավորություն չկա):