Եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այս շաբաթ օրը, հարցվածների 19%-ը կքվեարկեր իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին։
Հասարակական կարծիքի հարցման արդյունքներն այսօր հրապարակել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վրաստանի գրասենյակը։
«Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը նախորդ տարվա նոյեմբերին անցկացված նմանատիպ հարցման համեմատ նվազել է 6%-ով։
Նախկին իշխող «Ազգային շարժում» կուսակցության համար՝ 14% (+2%):
Զուրաբ Ջափարիձեի «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունները 3-ական տոկոս ունեն:
«Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Լելո», «Ժողովրդի համար» (Աննա Դոլիձե), «Քաղաքացիներ՝ Էլիսաշվիլի», «Լեյբորիստական կուսակցություն»՝ մոտ 2%։
Ռուսամետ «Ալտ-ինֆո»՝ 1%: Նույնքան են Գիգի Բոկերիայի «Եվրոպական Վրաստանը», Էլենե Խոշտարիայի «Դրոա»-ն, «Ժողովրդի ուժ» նոր շարժումը։
20%-ը չգիտի, թե ում օգտին քվեարկի, 5%-ն ընդհանրապես չի պատրաստվում քվեարկել:
42%-ը նշել է, որ կողմերից ոչ մեկը չի կրում իրենց շահերը։
Միևնույն ժամանակ, ամենաբացասական վարկանիշն ունեն երկու խոշորագույն կուսակցությունները՝ «Վրացական երազանքը» և «Ազգային շարժումը»՝ 34% և 39%։
Հարցումն անցկացվել է մարտի 4-ից մինչև 23-ը, կա 1500 հարցված, սխալման շեմը՝ 2,5%: