Sapari հասարակական կազմակերպությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանելու է Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի սաների շահերը։
Կազմակերպությունը հայց է ներկայացրել մանկատան հինգ նախկին բնակիչների անունից:
«Մենք խնդրում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների և անմարդկային/նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք) հոդվածների խախտում»,- հայտարարում է Sapari-ին:
Կազմակերպությունը պնդում է, որ հաստատությունը տարիներ շարունակ ոտնահարել է երեխաների իրավունքները՝ չնայած պետությունը տեղեկացված է եղել իրավիճակի մասին։ Միաժամանակ մանկական պանսիոնատը, որտեղ ապրում էր մոտ 57 երեխա, ամենափոքր երեխան հինգ տարեկան էր, գործել է առանց հսկողության, ինչը թույլ է տվել խնամակալներին չարաշահել իրենց դիրքը և ծաղրել խնամակալության ներքո գտնվող երեխաներին:
Ամեն ինչի բացահայտումից հետո հետաքննությունն արդյունավետ չի իրականացվել, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, իսկ տուժողի կարգավիճակ է ձեռք բերել միայն մեկ երեխա:
Նինոծմինդայում գտնվող մանկական պանսիոնատը, որը գործում էր Պատրիարքարանի հովանու ներքո, լիցենզիա է ստացել 2015 թվականին, սակայն դրանից հետո երկու անգամ տուգանվել է՝ 2017 և 2018 թվականներին, երեխաների խնամքի չափանիշները խախտելու համար, նշում են Sapari կազմակերպությունից:
Գիշերօթիկի շուրջ լուրջ սկանդալ եղավ 2021 թվականին՝ Հանրային պաշտպանի հայտարարությունից հետո, որը հրապարակավ տեղեկատվություն հրապարակեց երեխաների նկատմամբ բռնությունների մասին։ Այս հայտարարության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն սկսեց, բողոքի ակցիաներ սկսվեցին, իսկ Թբիլիսիի քաղաքային դատարանը պետական մարմիններին հանձնարարեց երեխաների տեղափոխումը Նինոծմինդայի տուն-ինտերնատից՝ ելնելով կյանքի և առողջության համար հնարավոր վտանգներից։
2021 թվականի գարնանից 12 անչափահաս պանսիոնատից վերադարձվեց կենսաբանական ընտանիք, 22 երեխա տեղափոխվեց խնամակալության այլ ձևերի՝ ընտանեկան կամ խնամատար ընտանիք։
Հասարակական վրդովմունքի ալիքի ընդհանուր ֆոնին պատրիարքարանը փոխարինեց պանսիոնատի ղեկավարին։ Վլադիկա Յակովը նշանակվեց հոգևորական Սպիրիդոնի փոխարեն, որը կտրականապես դեմ էր, որ որևէ մեկը գիշերօթիկ դպրոց մտներ ստուգման նպատակով: Հատկանշական է, որ պանսիոնատ չեն կարողացել մտնել ոչ միայն հանրային պաշտպանի, այլ նաև Պետական խնամակալության գործակալության ներկայացուցիչները։
Գիշերօթիկի նոր ղեկավարն աշխատանքից ազատեց անձնակազմի կեսին և խոստացավ պանսիոնատի գործնեությունը կազմակերպել համաշխարհային չափանիշներին համապատասխան։ Միևնույն ժամանակ, հանրային պաշտպան Նինո Լոմջարիային վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ թույլ տվեցին այցելել պանսիոնատ, սակայն երեխաների նկատմամբ բռնության և ծաղրի գործում առաջընթաց գրանցվեց։
Վրաստանի օմբուդսմենի 2021 թվականի զեկույցից.
Քնի և սննդի արգելքը, ինչպես նաև ֆիզիկական բռնությունը պանսիոնատում օգտագործվել է որպես երեխաներին պատժելու ընդունված ձև:
Երեխաները պատմել են, որ պատժել են ողջ խմբին՝ նրանց ծնկների վրա դնելով և ստիպելով նայել, թե ինչպես են մնացածներն ուտում։
Երեխաներից մեկը գիշերը հանվել է ակամա միզելու պատճառով և տկլոր մինչև լույս մնացել է միջանցքում: Երկրորդ երեխան, նույն պատճառով, որպես պատիժ կրել է պատառոտված հագուստ։
Խնամողներից մեկը ստիպել է երեխային լեզուն դուրս հանել և սանրով հարվածել է։
Երեխաներին դիմել են «խոշոր եղջերավոր անասուններ», «փողոցում ծնված», «մոր կողմից լքված» բառերով: Սնունդից հրաժարվելու դեպքում կերակուրը լցրել են երեխաների գլխին։
Մի դեպքում խնամակալը թեյ է լցրել երեխայի վրա, ապա թույլ չի տվել լողանալ։
Որպես պատիժ՝ մանկավարժներից մեկը վիրակապով կապել է երեխայի ձեռքերն ու ամբողջ գիշեր թողել այդ վիճակում։
Ինչպես նշել է ՄԻՊ-ը, անչափահասները խոսել են նաև այնպիսի դեպքերի մասին, երբ աթոռի ոտքով հարվածել են իրենց գլխին, ինչպես նաև ոտաբոբիկ կանգնեցրել են սառը հատակին։ Երեխաներից մեկի խոսքով՝ իրեն միայն ասել են, որ պետք է 10 անգամ ծնկի գա, քանի որ խաղի ժամանակ գնդակը պատահաբար դիպել է պատուհանին:
Երեխաներից մեկին, ով վիրավորանքից դրդված նախկին ղեկավարի հասցեին անպարկեշտ խոսքեր է ասել, ուղարկել են հոգեբուժարան:
Աղբյուրը՝ Newsgeorgia