Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները կանգնած են երկընտրանքի առջև, վարկերը պետք է վճարել, իսկ գյուղատնտեսական արտադրանքը չի տալիս սպասելի արդյունքները:
Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղը գտնվում է շրջանի հարավ-արևմտյան մասում, որի մոտակայքով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Գյուղ կարելի է մեկնել Ախալքալաք-Կարծախ ավտոմայրուղիով:
Դադեշ գյուղը համարվում է ոչ մեծ, բայց փոքր էլ չի կարելի ասել, այստեղ ապրում է մոտավորապես 750 մարդ (160 ընտանիք): Բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Շատերը, փող վաստակելու հույսով, գարնանը մեկնում են արտերկիր, հաճախ `Ռուսաստան, իսկ ձմռանը վերադառնում են տուն:
Գյուղում խոսում են բազմաթիվ խնդիրների մասին, որոնք վերաբերում են բնակիչներին, սակայն առավել արդիականը այսօր այն է, որ մարդիկ պետք է վճարեն վարկերը, իսկ նրանք չեն կարող վաճառել կարտոֆիլը և ստանալ այն եկամուտը, որի հույսով վերցրել էին վարկերը:
«Մեր գյուղի խնդիրը` կարտոֆիլի իրացումն է: Մենք ընտրեցինք պատգամավորներին, որ նրանք լուծեն այս խնդիրը, իսկ նրանք Էմիրություններից ներկրեցին կարտոֆիլը և վաճառում են Թբիլիսիում: Մեր կարտոֆիլը հետ ընկավ, իսկ ով է մարելու մեր վարկերը: 100 տոննա կարտոֆիլ ունեմ: Օգնեք մեզ, եթե կարող եք, այսօրվա դրությամբ մենք սոված ենք», – դժգոհում է Միասնիկ Ստամբոլցյանը:
Նույն խնդիրը մտահոգում է նաև Ռոբերտ Ափոյանին:
«Թող մեր պետությունը պայմանագիրը կազմի այլ պետությունների հետ, որոնք ունեն այս ապրանքի կարիքը, որտեղ չկա կարտոֆիլ, և մեր կարտոֆիլը արտահանեն այնտեղ, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը», – ասում է Ռոբերտ Ափոյանը:
Ժորա Սիմոնյանը բողոքում է, որ մի կողմից կարտոֆիլը չի վաճառվում, մյուս կողմից մսի գինը ցածր է:
«Մենք ամեն դեպքում տուժում ենք, կարտոֆիլը մնում է, միսը նույնպես: Մեզ պետք է այնպիսի տեղ, որտեղ գնեն մեզանից միս: Ճիշտ է քաղաքում կա սպանդանոց, բայց այնտեղ մեզ ձեռք չի տալիս հանձնել միսը: Այնտեղ հանձնել նշանակում է 3 մասը թողնել նրանց, և միայն 1-ը մեզ: Ավելի լավ է վաճառել ադրբեջանցիներին, քան հանձնել այդ սպանդանոց: Ադրբեջանցիները կենդանի քաշով, 1 կգ-ի համար առնվազն 4 լարի տալիս են», – դժգոհում է Ժորա Սիմոնյանը:
Դադեշում, որտեղ կա խնդիրների «փունջ», մարդիկ դադարել են հավատալ իրավիճակի հնարավոր բարելավմանը:
Շուշան Շիրինյան