Ադրբեջանի հետ հարաբերություններում ամեն ինչ շատ ավելի բարդ է. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է եւ մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:
«Նրա այս ընկալումը ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ կամ լոգիստիկ խաչմերուկի ու նրա կարեւորությունը թե ՌԴ-ի, թե որոշ արեւմտյան երկրների համար մեծացել է: Այս իրավիճակը եւ ռիսկեր ունի, եւ հնարավորություններ:
Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամենուր, իսկ հնարավորությունը, թերեւս, այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է: Դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի և Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև»,-ընդգծեց Փաշինյանը:
Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով, զեկույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, խաղաղությունը կխված է նաեւ մեզնից, մեր դիրքորոշումներից ու իմ անկեղծ մղումն է` ամեն հնարավորն անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Կարծում եմ՝ հնարավոր է նման զարգացում, սակայն դրա համար պետք է առերեսվել մի շարք խնդիրների հետ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր եւ երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Իրականում այս մասին Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք Պրահայում և Սոչիում։
Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի` Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,–ասաց Փաշինյանը։
Նա շեշտել է, թե հայկական կողմն է առաջարկել, որ խաղաղության պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ–ների, ԽՍՀՄ կողմից պատրաստված եւ հաստատված քարտեզները` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»,-ասել է Փաշինյանը: