Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տարբեր հատվածներում մեքենաների հերթ է գոյացել, որոնք ուղղվում են դեպի Ռուսաստան։ Վրաստանի պատկան մարմինների տվյալներով՝ վրացական կողմից խնդիրներ չկան, «Կազբեգի» անցակետն աշխատում է սովորական ռեժիմով։ Խնդիրները, ինչպես պարզվել է, առաջացել են ռուսական կողմից։
Ապրիլի 10-ի առավոտից ռուսական անցակետում ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մաքսային ծրագրերի հաքերային հարձակման պատճառով դժվարացել է օտարերկրյա և տրանզիտային համարանիշներով մեքենաների տեղաշարժը։ Ռուսական պետհամարանիշներով մեքենաները շարժվում են երկու ուղղություններով։ Նույն խնդիրը վերաբերում է բեռնատարներին:
«Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ՏՏ ռեսուրսների վրա ապրիլի 10-ին սկսված կիբերհարձակման պատճառով մաքսային մարմինների միասնական տեղեկատվական համակարգի գործունեության մեջ դեռևս կան խափանումներ։
Համակարգի վերականգնմամբ շուրջօրյա զբաղվում են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության և այլ գերատեսչությունների մասնագետներն այն արդեն մասամբ վերականգնել են։
Անցակետերում տեսուչները մաքսային գործողություններն իրականացնում են թղթային կրիչների միջոցովլ»,- ասվում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են Վրաստանի ճանապարհային վարչությունից՝ վրացական կողմում խնդիրներ չկան, «Կազբեգի» անցակետը թույլ է տալիս մեքենաներին անցնել սովորական ռեժիմով։
Ականատեսների խոսքով՝ արտասահմանյան մեքենաների ուղևորները նստում են ռուսական պետհամարանիշներով մեքենաները և ազատորեն հատում սահմանը։