Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ ռազմական գերատեսչության՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Իսկ Ադրբեջանի պաշտպանական կառույցը հայտնում է երեք զոհի մասին։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական զինուժն այսօր կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժիներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, տեղեկացնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից։
«Ազատության» տեղեկություններով՝ վիրավորների թվում է հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, նա Գորիսի բուժկենտրոնից տեղափոխվել է Երևան։
Մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում՝ հարևանությամբ հայկական կողմն սկսեց ինժեներական աշխատանք կատարել՝ զուգահեռ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին՝ թե տեղում բանակցում են, որ ադրբեջանցիները հետ քաշվեն:
Այսօր արյունոտ այս փոխհրաձգությունը հենց այդ տեղանքում է եղել. 16:00-ից սկսել են կրակել, հրաձգային զինատեսակներով, ապա անցել ականանետային կրակի։
Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե «հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա»։