Ինչպես տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, երեկ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծալկայի մունիցիպալիտետ։

Ծալկայում դեսպանը Սմբատյանը հանդիպել է քաղաքապետ Իլիա Սաբաձեի և սակրեբուլոյի նախագահ Իրակլի Գիգինեիշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման հնարավորություններին։

Այցի շրջանակներում դեսպանության պատվիրակությունը եղել է մունիցիպալիտետի մի շարք հայաբնակ գյուղերում (Դաշբաշ, Դարագյուղ, Այազմա, Նարդևան, Ղուշչի, Ղըզըլքիլիսա, Աշխալա, Խաչգյուղ), ծանոթացել մունիցիպալիտետի մշակութային կոթողներին։ ՀՀ դեսպանն այցելել է նաև հայաբնակ գյուղերի դպրոցներ, հանդիպումներ է ունեցել տեղի և հարակից գյուղերի հայ բնակչության հետ և պատասխանել վերջիններիս հարցերին։