Սուսաննա Կարապետյանն օրինակելի գործարար կին է, ով համատեղում է իր սիրելի գործն ու ընտանիքը։ Ախալքալաքում դժվար է բիզնես զարգացնելը, բայց Սուսաննան նվիրված է իր գործին և մեծ ծրագրեր ունի։
Սուսաննան շորերի դիզայներ և դերձակ է։ Մանկուց նա սիրում էր կարել, տիկնիկների համար հագուստ էր կարում առանց որևէ նմուշների կամ ձեռնարկների, ինքն իրեն։
«Ես միշտ պատկերացրել եմ, որ ապագայում կա՛մ կարով եմ զբաղվելու, կա՛մ մոդել եմ դառնալու։ Քանի որ մոդելավորումն ինձ մոտ ֆիզիկական տվյալների պատճառով չստացվեց, սկսեցի կարել։ Մասնագիտության ընտրության հարցում երբեք կասկածներ չեն եղել, անգամ հարց չի առաջացել՝ այլ բան ընտրել, թե ոչ, արդյոք ճի՞շտ եմ արել, որ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը և այլն»,- պատմում է նյութի հերոսուհին։
Ծնողների համար դստեր ընտրությունն «աննորմալ» էր, և նրանք միշտ համոզում էին նրան ընտրել «մի նորմալ բան»։ Այդուհանդերձ, ինչպես ինքը՝ Սուսաննան է ենթադրում, հենց ընտանիքից է եկել ձեռագործության հանդեպ սերը։
«Մանկության տարիներին տատիկս ժիլետներ, բլուզներ էր գործում, ես միշտ ինչ-որ բան էի անում կողքից, ընթացքում։ Ես հենց սկսել եմ գործվածքներ ասեղնագործելուց, այլ ոչ թե կարով», – խոստովանում է նա:
Դպրոցն ավարտելուց հետո Սուսնան ընդունվել է Երևանի Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն, մեկ տարի սովորել է այնտեղ, որից հետո սկսել է աշխատել։ Մի քանի տարի ապրել և աշխատել է Երևանում՝ Տերյան մշակութային կենտրոնում, այնուհետև եղել է տղամարդկանց հագուստ ձևող։ Սակայն իրավիճակը փոխեց նրա ճակատագիրը՝ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, և նա քրոջ հետ ժամանակավորապես վերադարձավ հայրենի Կարծախ գյուղ։ Ախալքալաքում Սուսաննան ծանոթացավ ապագա ամուսնու հետ, ամուսնացավ ու այլևս չվերադարձավ Երևան։
Հարցին, թե ինչպիսի զգացողություն է Ախալքալաքում գործարար կին լինելը, նա պատասխանում է.
«Նույնիսկ շատ հաճելի: Դժվարություններ չեն եղել։ Սկզբում, երբ նոր էի եկել, ինձ չէին ճանաչում։ Ես կարծում էի, որ այստեղ գործն առաջ չի գնա, մարդիկ պատվերներ չեն անի, որ այստեղ, հիմնականում, մարդիկ գնումները կատարում են խանութներից։ Երևանում, օրինակ, զգեստ կարել տալու կարգը շատ տարածված է՝ չնայած խանութների մեծ ընտրությանը։ Սակայն պարզվեց, որ այստեղ էլ շատ մարդիկ պատվիրում են»։
Սուսաննան խոստովանում է, որ սկզբում իր համար անսովոր էր, դժվար էր շփվել ախալքալաքցիների հետ, իսկ հիմա արդեն սովորել է։
Ընտանիքն ու երեխան զգալիորեն ազդել են Սուսաննայի կյանքի վրա, սակայն նա դեռ փորձում է ամեն ինչ անել՝ համատեղելով կենցաղն ու աշխատանքը։
«Փորձում եմ հասցնել, առաջ, երբ դեռ երեխաս չէր ծնվել, ես կարող էի կարել առավոտից մինչև երեկո։ Հիմա ցերեկը երեխայիս հետ եմ զբաղվում, իսկ կարում եմ հիմնականում երեկոյան ժամերին՝ 21։00-ից մինչև 24։00-ն, 01։00-ն։ Քնում եմ 4-5 ժամ»,- ասում է նա։
Սուսաննան այժմ շատ հաճախորդներ ունի, ուստի նա ստիպված է լինում պատվերներ ընդունել միայն մտերիմներից, մշտական հաճախորդներից՝ մերժելով նորերին։
Նրա բիզնեսի զարգացման գործում նշանակալի ներդրում է ունեցել «Արտադրի՛ր Վրաստանում» գործակալության փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու դրամաշնորհային մրցույթում հաղթանակը։
«Գլխավոր առավելությունը, որն ինձ տվել է դրամաշնորհը, դա տեխնիկան է։ Իմ կարի մեքենան ամեն ինչ չէր կարում, իսկ սրանք կարում են։ Հիմա ես այնպիսի խնդիր չունեմ, որ ինչ-որ մեկին մերժեմ այն պատճառով, որ տեխնիկապես չեմ կարող կարել։ Այժմ կարող եմ աշխատել ցանկացած կտորով, կարել վերարկուներ, մուշտակներ և այլն»:
«Նախագիծն օգնեց նաև կտորների մասով։ Սովորաբար զգեստ պատվիրելիս կտորներ չէի ունենում, բերում էի կոնկրետ պատվերի համար, իսկ նախագծի շրջանակներում մոտ 2000 լարիի կտորներ գնեցի։ Դա շատ է օգնում, երբեմն մարդիկ ուզում են 3-4 օրում կարել, իսկ ես ժամանակ չեմ ունենում պատվիրելու, այդ ժամանակ նրանք ընտրում են իմ ունեցած կտորներից»։
Բացի ատելիեից, Սուսաննան իր նախագծում նշել է նաև ֆոտոստուդիան։ Այս միտքը նրա մոտ առաջացել է այն պատճառով, որ հաճախորդները հաճախ էին վարձակալությամբ զգեստ խնդրում։
«Ես հասկացա, որ նրանք դա ցանկանում էին լուսանկարահանման համար։ Որոշեցի, որ հնարավոր է համատեղել, որպեսզի թե զգեստը վարձեմ ու ֆոտոսեսիան ևս ապահովեմ, որպեսզի ամեն ինչ մեկ տեղում լինի։ Լուսանկարահանման պահանջարկը դեռ փոքր է, բայց ես դեռ չեմ գովազդել դա»։
Այսպիսով, Սուսաննան ստացել է կարի տեխնիկա, լուսանկարչական սարքավորումներ, կահույք, կտորներ և շատ ավելին։ Ապագայում նա ցանկանում է բացել հագուստի իր բրենդը ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար։
Սուսաննայի աշխատանքում միշտ կա տեղ արվեստի և ոգեշնչանքի համար: Նրա մոտ ինքնաբերաբար նոր գաղափարներ են հղիանում, և նա դրանք կյանքի է կոչում, անկախ ամեն ինչից:
«Պատահում է, որ ես շատ անելիքներ ունեմ, բայց եթե ինձ է այցելել ոգեշնչումը՝ ինչ-որ բան անելու, ուրեմն պետք է անեմ՝ ամեն ինչ մի կողմ դնելով։ Ես կարող եմ պարզապես գիշերը պառկել և մտածել, որ ուզում եմ այսպիսի մի զգեստ, իսկ առավոտյան սկսեմ դա կյանքի կոչել»: