Նինոծմինդայում աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների համար սկսել է գործել «Քայլեր» կենտրոնը։ Կենտրոն առաջին օրերին հաճախում է դեռ 4-5 երեխա, թեև մունիցիպալիտետում պաշտոնապես նմանատիպ խնդիրներ ունեցող 55 երեխա կա։
Ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, Նինոծմինդայում բացվել է Ախալքալաքի աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների «Քայլեր» կենտրոնի մասնաճյուղը։ Կենտրոնը բացվել է «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, տարածքը տրամադրել է Նինոծմինդայի հոգեւոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։
«Քայլեր» կենտրոնի Ախալքալաքի հիմնադիրները՝ Սվետլանա և Գիորգի Մելիքիձեները, երկար են սպասել այս օրվան։ Նրանց նպատակն է բարելավել աուտիզմով երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը, որպեսզի նման խնդիրներ ունեցող երեխաները կարողանան լիարժեք կյանք վարել։
Այս պահին կենտրոնում աշխատում է 2 մասնագետ՝ լոգոպեդ և հոգեբան։
«Այժմ պարապմունքներին հաճախում է 4-5 երեխա, բայց հաջորդ ամսվանից մենք ավելի շատ երեխաների ենք ակնկալում, քանի որ այս ամիս ավելի շատ խորհրդակցություններ էինք անում փաստաթղթերի շուրջ, ծնողներին իրազեկում էինք, թե ինչպես ձևակերպեն ֆինանսավորում ստանալու համար»։
Սվետլանայի խոսքով՝ Նինոծմինդա քաղաքում պաշտոնապես գրանցված է աուտիզմի սպեկտրի խանգարումով 55 երեխա։ Սակայն իրականում, նրա կարծիքով, նրանց թիվը կարող է հասնել 100-ի։