Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության առանցքային դեպքերը կատարվում են Ավագ շաբաթվա ընթացքում: Այն Զատկին նախորդող Մեծ պահքի վերջին շաբաթն է: Ավագ շաբաթվա բոլոր օրերն ունեն իրենց խորհուրդը: Ավագ հինգշաբթին հիշատակն է առաքյալների հետ Հիսուսի անցկացրած Վերջին ընթրիքի, որի ժամանակ Տերը հացն ու գինին օրհնելով՝ հաստատեց Հաղորդության խորհուրդը՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը», «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»: Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղորդություն է տրվում:
Օրվա հաջորդ ծիսակարգը Ոտնլվան է: Համաձայն այդ կարգի՝ հոգևորականը օրհնված ջրով լվանում, ապա օրհնված յուղով օծում է խորան բարձրացած մանուկ, պատանի, երիտասարդ և տարեց տասներկու ընտրյալ այրերի ոտքերը, ովքեր նախընթաց տարում ջանադիր են եղել տարբեր ոլորտներում իրենց առաքելությունը լավագույնս և ազնվորեն կատարելուն կամ նրանք են, ովքեր կարիք ունեն հոգու և մարմնի բժշկության և այլք:
Եկեղեցական արարողություններին զուգահեռ՝ դարեր ի վեր կենցաղավարել են Ավագ հինգշաբթիի հետ կապված սովորույթներ, որոնք անուղղակիորեն վկայություն են օրվա խորհրդի զորության հանդեպ հայ մարդու ունեցած հավատի: Ավագ հինգշաբթին տոնական օր է համարվել։ Ավագները երեխաներին հորդորել են հաղորդվելուց հետո չհայհոյել, միմյանց հետ քաղցր խոսել, այլապես մեղք գործած կլինեն։
Երեկոյան ժամերգության ընթացքում նոր հարած կարագ, յուղ են տարել եկեղեցի: Քահանան օրհնել է և քսել տղամարդկանց ոտքերին ու կանանց ձեռքերին: Ապա մեծ ու փոքր մի-մի կտոր օրհնված կարագ են վերցրել, քսել աչքերին, ականջներին, ճակատին, ձեռքերին, մազերին։ Շատերը տարել են տուն ու քսել կովի ստինքներին, որպեսզի առատ կաթ տա, ընտանի կենդանիների հիվանդ մասերին, կամ դրել են յուղի կճուճի, կարասի, խնոցու մեջ՝ դրանք մշտապես լիքը տեսնելու ակնկալիքով։ Ավելի ուշ Ոտնլվայի արարողության ժամանակ կատարվող կարագի օրհնությունը դարձել է Եկեղեցու հոգևոր-բարեպաշտական արարողություններից մեկը:
Երկրագործն Ավագ հինգշաբթի իր գործիքներից որևէ մաս և մի բուռ սերմ դրել է եկեղեցու գրակալի մոտ, որպեսզի օրհնվեն։ Շատերը ծառ են տնկել և սերմներ ցանել՝ առատ բերքատվության ակնկալիքով։ Կանայք Մեծ պահքի ընթացքում հավաքած մածունն ու հում սերը սկսել են խնոցիով հարել, նորոգել են թթխմորը։ Ավագ հինգշաբթին համարվում է տերունի օր։ Հավատացել են, որ այդ օրվա ձեռնարկած գործերը հաջողությամբ կպսակվեն, և ինչ որ մտածեն, Աստված կլսի։ Դարբինները չարխափաններ են պատրաստել, որոնք մարդիկ կախել են մարմնի տարբեր մասերից՝ հիվանդություններից բժշկվելու, բնական աղետներից և մարդկային չարիքից զերծ մնալու համար: Վարակիչ հիվանդություն ունեցողները, երազում Սահակ Պարթևից հորդոր ստանալով, Ավագ հինգշաբթի ուխտի են գնացել Աշտիշատ՝ նրա գերեզմանին ուխտի՝ հավատով, որ սուրբ հայրապետի բարեխոսությամբ բժշկություն կգտնեն։
Աղջիկները գնացել են դաշտերը՝ ուտելի կանաչեղեն հավաքելու։ Բաժին են հանել նաև այն ընտանիքներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դաշտ չեն գնացել։ Հինգշաբթի օրը բոլորը պիտի նոր քաղած կանաչեղեն ուտեին։ Շատերը կանաչեղենը եփել են և եկեղեցում որպես մատաղ բաժանել։ Օրվա ուտեստներից էր «աղամաղը» կամ «աղի-մաղին»։ Պատրաստվել է սմբուկի գլխիկի կանաչ կեղևով, որը չորացրել ու խաշել են, մանրացրել, սոխով տապակել, աղ ու պղպեղ ավելացրել և կերել։ Այդ օրը, հատկապես ննջեցյալ ունեցող ընտանիքներում, ընդունված է եղել կանեփով հաց թխել: Սգակիրների հարազատներն այցելել են նրանց՝ նոր թխված հացերից տանելով։
Հայաստանի որոշ բնակավայրերում այսօր էլ ընունված է Ավագ հինգշաբթի նորահարսին դարձ տանել, ինչը տևում է մինչև Զատկի կիրակի:
Հովհան Օձնեցին (VIII դ.) կանոնակարգել է, որ մյուռոնը պետք է օրհնի հայրապետը, սակայն մեկ անգամ՝ Ավագ հինգշաբթի, այդ կարգը կարող է կատարել եպիսկոպոսը: Այս բացառությունը, հավանաբար, պայմանավորված է եղել կաթողիկոսի օրհնած մյուռոնը հեռավոր թեմեր տեղափոխելու դժվարություններով, և որպեսզի հավատացայլներն անմասն չմնան մկրտության, դրոշմի և այլ խորհրդակատարումներից, մյուռոնօրհնության արտոնություն են ստացել նաև եպիսկոպոսները: Հետագայում այս կարգը չի պահպանվել, սակայն հայրապետի ձեռամբ մյուռոնօրհնությունը երկար ժամանակ կատարվել է Ավագ հինգշաբթի: XX դ. հիշատակումներում տեսնում ենք, որ մյուռոնօրհնությունը կատարվում է աշնանը և այդպես է մինչ օրս:
Արտատպված է qahana.am-ից
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից